Իշխանությունն ընդունում է ձախողումը․ ի՞նչ է հետևելու դրան

«Հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և ընդունել, որ որոշ հարցերում ունենք ձախողումներ», – երեկ Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, անկեղծացել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե Բադասյանն ասել էր, որ Մարտի 1-ի գործով մեծ աշխատանք կա կատարված, իսկ ամենավերին մակարդակով հայտարարվել էր, որ Մարտի 1-ը բացահայտված է, Բադասյանն այսպես է արձագանքել․ «Մեկնաբանվել է, թե ինչ է նշանակում բացահայտվել։ Մենք հիմա ունենք նոր հանգամանքներ, Սահմանադրական դատարանի որոշում, կոնկրետ գործով դատարանի որոշում, ես կարող եմ իմ մասով խոսել․ դատաիրավական ոլորտի բարեփոխումներով ես պատասխանատուն են, քննադատության հիմնական թիրախը նրանում է, որ վեթթինգ չի կատարվել, ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն, ինչ որոշում որ կկայացվի, եթե կվերլուծվի, որ ես եմ պատասխանատուն՝ դատաիրավական բարեփոխումներ և վեթթինգը չանելու»։

Բադասյանի անկեղծությունն, իհարկե, միանգամայն ընդունելի է։ Նա, ի տարբերություն Գլխավոր դատախազի ու ՀՔԾ պետի, ընդունում է պատասխանատվության իր բաժինը ու պատրաստ է անգամ հրաժարականի կամ պաշտոնանկության։ Համենայն դեպս, նման տպավորություն է ձևավորվում նրա հարցազրույցից։

Մարտի 1-ի գործով, հակակոռուպցիոն քաղաքականության, դատաիրավական բարեփոխումների հարցերում իշխանությունն ամբողջովին ձախողվել է ու տրամաբանական է սպասել ոլորտի պատասխանատուների աղմկոտ պաշտոնանկություններ։ Այս հարթության վրա պետք է կատարվի նաև շատ լուրջ քննություն՝ պարզելու համար, թե ի՞նչն է եղել ձախողումների պատճառը՝ արդյո՞ք գործ ունենք պատկան մարմինների ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի հետ, թե՞ տեղ ունի սաբոտաժի, վերևից թելադրված բարեփոխումները տորպեդահարելու բաղադրիչ։

Մյուս կողմից, բացարձակ արդար ու համապարփակ մոտեցում չէ, օրինակ, Մարտի 1-ի գործի ֆիասկոն միայն իրավական ոլորտի պատասխանատուների վրա բարդելը, որովհետև հասարակության մի զգալի շերտի մոտ, փորձագիտական շրջանակներում հաստատուն կարծիք, լեգիտիմ կասկածներ գոյություն ունեն, որ Մարտի 1-ի գործը վիժեցվել է ամենևին էլ ոչ իրավական ատյանների որոշումների արդյունքում, այլ խոսքով՝ խոսվում է նույնիսկ այն մասին, որ այդ որոշումը կայացվել է մոսկովյան կաբինետներում, իսկ Հայաստանի քաղաքական իշխանություններն ու իրավապահ համակարգը չեն կարողացել կամ չեն ուզեցել ընդդիմանալ դրան։

Այս պարագայում, անշուշտ, պատասխանատվության ավելի մեծ շրջանակ է ենթադրվում, մանավանդ, որ առջևում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են, ու հեղափոխության թիմը հասարակությանը ներկայանալու է ձախողված պատմությունների մի ամբողջ շարանով։ Ժամանակը, թերևս, շատ կարճ է ու անկեղծանալու կարիք ունի ոչ միայն առանձին վերցրած մեկ նախարար, այլ նաև ամբողջ քաղաքական իշխանությունը։

Պատրա՞ստ է Փաշինյանը հանրությանը ներկայանալ քաղաքական նոր լուծումներով, ինստիտուցիոնալ նոր բանաձևերով, ռեբրենդինգի ենթարկված համակարգով։ Սա հռետորական հարցադրում չէ, որովհետև դրա պատասխանից է կախված քաղաքական ճգնաժամի հաղթահարման հնարավորությունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր