Ամերիկացի պաշտոնյան Ռուսաստանին մեղադրել է հակամարտությունը ձգձգելու ցանկության համար

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կարծիք է հայտնել առ այն, որ Ռուսաստանը, հնարավոր է, ձգտում է պահպանել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, այլ ոչ թե կարգավորել այն:
Նախօրեին ելույթ ունենալով Վաշինգտոնում տեղակայված «Թուրքական ժառանգություն» ոչ կառավարական կազմակերպության կողմից կազմակերպված առցանց սեմինարի շրջանակում՝ նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:
«Ես ադրբեջանական իշխանությունների շրջանում դժգոհության աճ եմ ակնկալում այն կապակցությամբ, որ ռուս խաղաղապահները, ինչպես երևում է, երկարաժամկետ հեռանկարում են պատրաստվում մնալ Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Քենթը:
Ընդ որում, բնութագրելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, նա, ըստ էության, Ռուսաստանին մեղադրել է հակամարտությունը ձգձգելու ցանկության համար, ինչպես նաև մեջբերել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալներից մեկի ենթադրյալ խոսքերը։
«Վրաստանի փոխարտգործնախարարներից մեկը նոյեմբերին ասաց․ «Սա այն իրավիճակն է, որում մենք (Վրաստանը) գտնվել ենք 1998 թվականին: Այնուհետև Ադրբեջանը կհայտնվի այն իրավիճակում, որում մենք գտնվում էինք 2008 թվականին: Իսկ հետո նա կհայտնվի այն իրավիճակում, որում մենք գտնվում ենք այժմ»։ Սա բավականին հոռետեսական, բայց, հնարավոր է, իրատեսական գնահատական է նրա վերաբերյալ, թե ինչպես է Ռուսաստանը, իր շահերից ելնելով, շահարկում ԼՂ հակամարտությունը և փաստացի չի ձգտում լուծել խնդիրը և երկրներին թույլ տալ առաջ շարժվել»,- նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Միաժամանակ Քենթը հավաստիացրել է՝ ԱՄՆ-ն ողջունում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը:
«Ադրբեջանը կարող է ընկալվել որպես պատերազմում հաղթող կողմ։ Սակայն դա չի հանգեցնում ճգնաժամի կարգավորմանը, ինչպես քառորդ դար առաջ, երբ առաջին պատերազմում հաղթեց Հայաստանը»,- հայտարարել է Քենթը։
Նրա խոսքով՝ մինչ այժմ կարգավորումն ընթանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի և «համանախագահների գործընթացի շրջանակում, որը համատեղ վարում էին ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը»:
«Կարծում եմ, որ այս մեխանիզմի առջև որոշ մարտահրավերներ են ծառացել»,- նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Մինսկի խումբը «առանցքային կմնա այնքանով, որքանով կվճռեն երկու երկրները»:
«Մեկ այլ բաց հարց է մնում Ռուսաստանի մտադրությունը։ Այդ երկիրը որոշել է Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմի միջոցով չհասցնել հրադադարի պայմանների համաձայնեցմանը, այլ դա անել անձամբ՝ եռակողմ ձևաչափով»,- ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները նախկինի պես պատրաստ է հակամարտության կարգավորման հարցում աջակցել Հայաստանին և Ադրբեջանին, եթե դրանում շահագրգռված լինեն Երևանը և Բաքուն:
Բացի այդ, նա կանխատեսել է, որ «դա, հնարավոր է, այլ բարենպաստ հնարավորություններ կստեղծի, այդ թվում՝ ապագայում Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների ջերմացումը»։
«Սակայն դա հնարավոր է ո՛չ այս ամիս, ո՛չ այս տարի, այլ միայն հեռավոր հեռանկարում»,-ասել է նա։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր