Site icon politcom

Կրկնվող սխալ․ իշխանությունը զբաղված է ինքնաոչնչացմամբ

Հենց երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներողություն էր խնդրում՝ ՍԴ երեք անարժան դատավորներ ընտրելու համար։ Ներողություն էր խնդրում իր և գործընկերների անունից։
Բայց ներողություններով ոչինչ չես փոխի, մանավանդ, որ ՍԴ հայտնի որոշումն այլևս չի սրբագրվելու և Մարտի 1-ի գործն արդեն տապալված է ու տապալված է ոչ այնքան այս կամ այն քննիչի, դատախազի կամ դատավորի, որքան՝ առաջին հերթին, քաղաքական իշխանության մեղքով, որը երեք տարի շարունակ հետևողականորեն մսխել է հեղափոխության օրակարգը, հասարակությանը կերակրել է խոստումներով՝ անկատար թողնելով գրեթե բոլոր ձեռնարկները, նախաձեռնությունները, որոնք պետք է նպաստեին արդյունավետ կառավարմանը, բարեփոխումներին։
Իշխանության ամենաթույլ տեղերից մեկը կադրային քաղաքականություն է, հենց դրա մասին էր նաև Անդրանիկ Քոչարյանի ներողությունը։
Նույնիսկ այն մարդիկ, որոնք պատերազմից հետո էլ հավատում են Փաշինյանին՝ բացարձակապես չեն վստահում նրա թիմին, բաց տեքստով խոսում են նրա թուլության, պրոֆեսիոնալիզմի բացակայության մասին։ Հատկապես շեշտվում է այն հանգամանքը, որ շատերն իշխանության մեջ հայտնվել են՝ չունենալով որևէ արժանիք, լինելով Փաշինյանի յուրայինը կամ նրա «քայլակիցը»։
Բայց Փաշինյանը հետևություններ չի անում, դեռ ավելին՝ վերականգնվել է նախորդ համակարգի տխուր ավանդույթներից մեկը, երբ ազգակցական կապը, այսպես ասած՝ «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը դառնում է պաշտոնական առաջխաղացման հիմք։
Կառավարության երեկվա նիստում Հայկ Ղալումյանը նշանակվել է Տավուշի մարզպետ: Հայկ Ղալումյանը 2019 թվականի սեպտեմբերի 14-ից  եղել է Իջևանի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար: Նա Նիկոլ Փաշինյանի քավորն է:
Հավատացեք՝ այս նշանակումը որևէ կերպ չի նպաստելու իշխանության վարկանիշի, հեղինակության բարձրացմանը, արդյունավետ կառավարմանը, եթե նույնիսկ Ղալումյանն ունի արժանիքներ։ Պետական կառավարման մեջ խնամակալությունը որևէ լավ բանի չի բերել, ավելին՝ վկայում է որևէ իշխանության կադրային բանկի աղքատության, ինստիտուցիոալ ու կադրային ռեսուրսների սահմանափակության մասին։
Այդ օրինաչափությունը գործելու է նաև հիմա․ այս նշանակումը չի նպաստելու Տավուշում կառավարման արդյունավետության բարձրացմանը, սակայն հարվածելու է իշխանության հեղինակությանը ու ոչ միայն Տավուշում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version