Ո՞վ է ապակայունացնում իրավիճակը Հայաստանում․ չվերադարձված գերիների ոդիսականը

Երեկ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. առաջնորդները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով ապրիլի 7-ին կայացած հայ-ռուսական բանակցությունները:
Այս հեռախոսազրույցից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, որ նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երեւան։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը։
Սակայն մինչ բոլորս սպասում էինք մեր հայրենակիցների վերադարձին, նախ ռազմագերիների՝ օդանավակայանի մոտ հավաքված հարազատները հայտնեցին, որ ինքնաթիռը ժամանել է դատարկ, ապա Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ գերիների վերադարձի գործընթացը կրկին հետաձգվել է։
Ուշագրավ է, որ հայտարարություն հնչեց նաև Բաքվից։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակ է:
Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիս ասել է, որ Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է բոլոր ռազմագերիներին:
«Մենք ցույց ենք տվել, թե որքան պատասխանատու ենք այդ հարցում. մենք ավելի քան 70 ռազմագերիների ենք փոխանցել Հայաստանին»,- ասել է ադրբեջանցի նախարարը:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ հայկական կողմին են փոխանցվել մարտական գործողությունների ժամանակ գերեվարված բոլոր անձինք:
«Ով ավելի ուշ է ձերբակալվել հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, նրանց ռազմագերի անվանել չի կարելի»,- ասել է Բայրամովը:
Այսպիսով՝ աբսուրդային ու զավեշտալի մի իրավիճակ է ստեղծվում, երբ իրենց հարազատներին սպասող հարյուրավոր մարդիկ հոգեբանական անտանելի վիճակում հայտնվեցին, իրավիճակը սրվեց Երևանում ու ամբողջ երկրում․ այս պահին անհետ կորածների ու գերիների հարազատները շրջափակել են ՀՀ ՊՆ շենքը, Գյումրի-Երևան և Գյումրի-Վանաձոր ճանապարհները։
Արդյո՞ք հայկական կողմը գերիների վերադարձի մասին լուր էր տարածել՝ առանց հիմքերի։
Նման պնդումներ հնչում են ընդդիմադիր ճամբարից, սակայն դրանք արժանահավատ չեն թվում՝ առնվազն այն պատճառով, որ այդ պարագայում անհասկանալի են թվում Պուտին-Ալիև բանակցությունների ու Մուրադովի՝ Բաքու ժամանելու փաստերը։ Սրանով հանդերձ, պաշտոնական Երևանը պարտավոր է համապարփակ բացատրություններ տալ, թե ինչ պայմանավորվածություններ են եղել գերիների փոխանակման շուրջ և ով ու ինչ հանգամանքներով է դրժել դրանք։ Եթե այս պարզաբանումները չեն հնչում, ապա միանգամայն լեգիտիմ են դառնում անհնազանդության ակցիա իրականացնող մարդկանց քայլերը։
Մյուս տրամաբանական վարկածն այն է, որ Բաքուն վերջին պահին առաջ է քաշել նախապայմաններ, որոնք անընդունելի են եղել Երևանի համար, ինչի հետևանքով գերիները չեն վերադարձվել։ Արդեն մի քանի օր է՝ ռուսական մամուլն ակտիվ գրում է, որ միջկառավարական աշխատանքային խմբում կոնսենսուս չի ձևավորվում կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված որոշ հարցերում։ Դժվար չէ պատկերացնել, որ Բաքուն զբաղված է շանտաժով՝ գերիների հարցի միջոցով փորձելով զիջումներ կորզել Երևանից։
Այլ հարց է՝ արդյո՞ք այս ամենը Բաքվի ինքնուրույն նախաձեռնությունն է, որով նա մարտահրավեր է նետում նաև Մոսկվային, թե՞ գործ ունենք Բաքվի և Մոսկվայի համաձայնեցված քայլերի հետ։ Ամեն դեպքում՝ Հայաստանում իրավիճակի ապակայունացումն ունի կոնկրետ արտաքին շահառուներ ու կարևոր հարց է դրանց շրջանակի բացահայտումը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր