Կարո՞ղ է Արմեն Սարգսյանը հասնել ընտրությունների հետաձգմանը

Վերջին շրջանում նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակավ հակադրվում է իշխանության որոշ նախաձեռնությունների։ Օրինակ, այսօր նա չի ստորագրել «ՀՀ դատական օրենսգրքի» փոփոխությունները՝ նախագիծն ուղակելով ՍԴ։
Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել նաև ԸՕ փոփոխությունները, որոնցով, մասնավորապես, վերացվում է ռեյտինգային ընտրահամակարգը։ Ավելին, նախագահը, կարծես թե, այնքան էլ հակված չէ ընտրական գործընթացի այն ժամանակացույցին, որը ձևավորվել է վարչապետի ու խորհրդարանական ուժերի կոնսենսուսի արդյունքում։
Օրերս տված հարցազրույցում Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ «Ցանկացած քաղաքական գործընթաց ունի իր տրամաբանությունը: Տվյալ դեպքում տրամաբանական է այն հերթականությունը, որի դեպքում նախ անցկացվում են համակարգային բարեփոխումներ, ինչի համար անհրաժեշտ են զգալի, որակական-քանակական ռեսուրսներ: Միայն այդ բարեփոխումների, այդ թվում և՝ Սահմանադրության փոփոխության արդյունքում է հնարավոր անցկացնել ընտրություններ, որոնք բովանդակային բնույթ կունենան: Հակառակ դեպքում ունենում ենք մի իրավիճակ, երբ ընտրություններ են անցկացվում հանուն ընտրությունների: Ես այստեղ չեմ տեսնում գործիքակազմ՝ երկիրը դուրս բերելու քաղաքական, տնտեսական, սոցիալական և, ամենակարևորը, բարոյահոգեբանական ճգնաժամից: Մինչդեռ հենց դա է մեր խնդիրը՝ նորովի «գործարկել» պետությունն ու ժողովրդին: Եվ մեր բոլոր գործողությունները, իմ կարծիքով, պետք է ուղղված լինեն դրան»։
Եթե նախագահը կարծում է, թե հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները չեն կարող բերել ճգնաժամի հաղթահարմանը, ապա տրամաբանական է ենթադրել, որ նա քայլեր պետք է ձեռնարկի իր նշած ճանապարհային քարտեզով ճգնաժամը հաղթահարելու համար։
Օրինակ, նա կարող է քաղաքական կոնսուլտացիաներ նախաձեռնել վարչապետի, ԱԺ խմբակցությունների ու արտախորհրդարանական ուժերի հետ՝ առաջարկելով իր օրակարգը, որի իմաստն այն է, որ արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն սահմանադրական ռեֆորմից հետո։
Իհարկե, նման հնարավորությունը տեսական է, որովհետև նախագահը չունի սահմանադրական այնպիսի լիազորություններ և քաղաքական հեղինակություն, որպեսզի կարողանա ազդել քաղաքական հիմնական դերակատարների վարքագծի վրա, մանավանդ, որ ընտրությունների օրվա մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, իսկ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն հայտարարել են, թե կողմ են սեղմ ժամկետում ընտրությունների անցկացմանը։
Արմեն Սարգսյանը կարող է, իհարկե, չստորագրել ԸՕ փոփոխությունները, սակայն դժվար է այս հարցով ՍԴ դիմելը, որովհետև ընտրակարգի փոփոխությունը որևէ կերպ չի կարող հակասել Սահմանադրությանը կամ լեգալության հետ կապված խնդիրներ առաջացնել։ Եթե, Սարգսյանն, այնուամենայնիվ, գնա նման քայլի, ապա դարձյալ դժվար է կանխատեսել ընտրությունների օրվա հետաձգում։ Ավելի շուտ՝ ընտրությունները կանցկացվեն հին ընտրակարգով, այսինքն՝ ռեյտինգայինով, ինչն ավելի խոցելի կդարձնի դրանց օրինականությունը։
Ըստ այդմ, ենթադրում ենք, որ Արմեն Սարգսյանն ընդամենը հնչեցրել է իր անձնական կարծիքը, սակայն հազիվ թե գործուն փորձեր անի՝ ընտրությունների ժամկետը հետաձգելու ուղղությամբ, եթե նույնիսկ նրա առաջ քաշած օրակարգը ռացիոնալություն ունի ու ավելի տրամաբանական է ճգնաժամի հաղթահարման համատեքստում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր