Կատաղի պայքար հին համակարգում․ Միքայել Մինասյանը մերժեց Քոչարյանին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը և հայտնել իր դիրքորոշումը առաջիկա հնարավոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Միքայել Մինասյանը հայտնել է, որ առաջիկա քաղաքական ընտրություններին չի սատարելու որևէ քաղաքական ուժի. «Այս ընտրությունների նախաշեմին ես չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի իշխանամետ, թե իրապես ընդդիմադիր»:
Դիտարկմանը, թե Միքայել Մինասյանը բազմիցս խոսել է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին, և հարցին՝ կարո՞ղ են ընտրություններն այդ առիթը լինել, Միքայել Մինասյանը պատասխանեց. «Ես հայտարարում եմ պաշտոնապես, որ ես երբեք այս ընտրությունների նախաշեմին չեմ սատարելու որևէ ուժի՝ լինի դա իշխանամետ, իսկ դրանք շատ են, միայն «Իմ քայլը» չի, Նիկոլ Փաշինյանը իշխանամետ ընդդիմադիրների բանակ ունի, լինի՝ իրապես ընդդիմադիր: Իմ ոչ մի ընկեր, համախոհ չի լինելու ոչ ոքի ցուցակում, եթե նա ինչ-որ մեկի ցուցակում է, ապա նա ոչ իմ ընկերն է, բառի լայն իմաստով, ոչ իմ համախոհը: Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա ես դա անելու եմ իմ դեմքով, իմ ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց համար ես կրելու եմ ուղիղ պատասխանատվություն, և այո, ես հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից»։
Ի՞նչ կարելի է հասկանալ Սերժ Սարգսյանի փեսայի հարցազրույցից։
Առաջին տպավորությունն այն է, որ հին համակարգի ներսում կոնսենսուս գոյություն չունի առաջիկա ընտրությունների մասով։ Եթե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է մասնակցել ընտրություններին, ապա Միքայել Մինասյանն ավելի շուտ դիրքավորվում է ՀՀԿ-ի հետ միասին՝ հնարավորինս արժեզրկելով առաջիկա ընտրությունների քաղաքական նշանակությունը ու հանդես գալով ուղերձներով, որոնք, ըստ ամենայնի, ընտրությունները բոյկոտելու մասին են։
Սակայն Մինասյանի հարցազրույցի ամենակարևոր ուղերձն, այնուամենայնիվ, նրա քաղաքական սահմանազատումն է Ռոբերտ Քոչարյանից։ Առաջիկա ընտրություններում հենց վերջինս է, ըստ ամենայնի, դառնալու Նիկոլ Փաշինյանի թիմի հիմնական մրցակիցը ու, ենթադրաբար, Միքայել Մինասյանը հենց Քոչարյանի հետ համագործակցությունն է համարում անհնար կամ ոչ ցանկալի, որովհետև անտրամաբանական կլիներ ենթադրել Սերժ Սարգսյանի փեսայի աջակցությունը «Իմ քայլին» կամ թեկուզև ընդդիմադիր այլ ուժերի, որոնք կապ չունեն հին համակարգի հետ։
Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանը, ով հավակնում է «կրել» առաջիկա ընտրություններում, չի կարողանում համախմբել անգամ հին համակարգի տարբեր սեգմենտներին։ Ավելին, հին համակարգի ներսում սկսվել է կատաղի պայքար՝ ազդեցությունների, առաջատարության համար, ինչն ի դերև է անում Քոչարյանի հավակնությունները։ Եթե քաղաքական գործիչը չի կարողանում իր շուրջ կոնսոլիդացնել անգամ «ծագումնաբանական» առումով իրեն հարազատ ուժերի, ապա հազիվ թե հնարավոր է ակնկալել, թե նա կդառնա քաղաքական և հանրային ավելի մեծ կոնսոլիդացիայի առանցք։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր