Հայաստանի փակուղին․ մեխանիկական վերարտադրության և արյունոտ ռևանշիզմի միջև

Պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, անգամ իսկ կան գործիչներ և կուսակցություններ, որոնք կասկածի տակ են դնում արտահերթ ընտրությունների անցկացնելու իշխանության մտադրությունը։

Այնուամենայնիվ, երկիրն արդեն ոչ պաշտոնական քարոզարշավի ցիկլում է ու ցանկացածս կարող է շրջել մարզերում ու հասկանալ, շոշափել հանրային տրամադրությունները։

Այս ընտրությունները միանշանակ լինելու են ամենաանձնավորվածը՝ նույնիսկ այն բանից հետո, երբ վերացվեց ռեյտինգային ընտրակարգը։ Մարդիկ գրեթե համատարած նախապատվություն են հայտնում «սև-սպիտակի» տրամաբանությամբ՝ հայտնվելով Նիկոլ Փաշինյան-Ռոբերտ Քոչարյան երկընտրանքի լաբիրինթոսում։

Հենց այստեղ է, որ առաջ է գալիս փակուղին, որն այս ընթացքով շարունակվելու դեպքում ավելի է խորացնելու քաղաքական ճգնաժամը։

Ցանկացած իշխանություն ունի վերարտադրվելու լեգիտիմ իրավունք՝ դրա ճանապարհն օրինական ընտրություններն են։

Բայց եթե Փաշինյանն առաջ է քաշում, պայմանական ասած, «վերջ թավիշին» կարգախոսը ու դարձյալ հանրությանը ներկայանում է նույն ձախողված թիմով և ինստիտուցիոնալ հիմքերով, լեգիտիմ հարց է առաջանում, թե ո՞րն է հասարակության երաշխիքը, որ նոր մանդատի պարագայում գործող իշխանությունը չի կրկնի նույն սխալները, չենք տեսնի նույն ապիկարությունը կամ ձախողումները։ Այլ խոսքով՝ մեխանիկական վերարտադրությունը ճգնաժամի հաղթահարման բանալի չէ, էլ չեմ ասում այն մասին, որ եթե վերարտադրությունը միջոցից դառնում է նպատակ, ապա դա էապես ազդելու է ընտրությունների որակի վրա։

Կամ՝ ի՞նչ ասես Ռոբերտ Քոչարյանի հայտի մասին, որից ծորում է միայն քենոտ ռևանշիզմը՝ առանց ներկայի ու ապագայի մասին ռացիոնալ լուծումների։ Ի՞նչ երաշխիք ունի ժողովուրդը, որ նրա հաղթանակի դեպքում չեն կրկնվի Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, «Պրիվետ Ռոբ»-ը։

Եթե ընտրական գործընթացի առանցքային խաղացողները հանդես չեն գալիս նոր ասելիքով, չունեն քաղաքական նոր բովանդակություն, ինստիտուցիոնալ կրեատիվ մոտեցումներ, ԱԺ արտահերթ ընտրությունները միայն խորացնելու են ճգնաժամը՝ երկիրը կանգնեցնելով ֆորս-մաժորային զարգացումների ռիսկերի առջև։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր