Փաշինյանն՝ ընդդեմ նախկին նախագահների․ ո՞վ կամ ովքե՞ր են դառնալու պարտության «մեղավորներ»

Նիկոլ Փաշինյանը, որ երեկ Ազգային ժողով էր եկել կառավարության
պատերազմական տարվա աշխատանքի մասին զեկուցելու, դարձյալ ելույթը
նվիրել է նախկիններին։ Նրանց մեղադրել է վերջին պատերազմի պատճառների
ու բանակցային գործընթացի ձախողման համար։ Սեփական սխալների մասին՝ ոչ
մի խոսք։
Փաշինյանը գործնականում մեղադրել է երկրի բոլոր նախկին նախահագներին,
ինչին արդեն կոշտ ձևակերպումներով հակադարձել են Լևոն Տեր-Պետրոսյանի,
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակները։
Ղարաբաղյան հարցի, պատերազմում կրած պարտության շուրջ
իշխանությունների և նախկին նախագահների միմյանց հասցեին հնչող
քննադատությունները մաքրվելու, մեղադրանքները հերքելու,
պատասխանատվությունից հնարավորին չափով խուսափելու գործընթացի մաս են
կազմում, այժմ այն նախընտրական տրամաբանությամբ նոր շունչ է ստանում։
Սակայն արդյո՞ք սպասվող ընտրությունները տալու են այս հարցերի
պատասխանները։
Հազիվ թե։ Այսօրվա քաղաքական բևեռացման ու անտագոնիզմի պայմաններում
դժվար է պատկերացնել, թե քաղաքական և հանրային կոնսենսուս է լինելու
ընտրությունների արդյունքների շուրջ, դժվար է անգամ պատկերացնել, որ
քաղաքական ճգնաժամը հաղթահարվելու է, որովհետև խիստ կանխատեսելի է, որ
եղած պրոբլեմներին ավելանալու է նաև վեճն ընտրությունների, նոր
իշխանության լեգիտիմության շուրջ։
Պարտությունն, անշուշտ, ունի մեղավորներ, պատասխանատուներ ու ամենևին
այնպես չէ, որ այդ շրջանակը սահմանափակվելու է միայն գործող
իշխանությամբ, կամ, որ՝ ամեն ինչ հնարավոր է բարդել միայն ու բացառապես
նախկինների վրա։
Երկու մոտեցումներն էլ քաղաքական են ու մեծ հաշվով՝ հեռու
իրականությունից։ Պետք է իրապես իրականացնել փաստահավաք
առաքելություն, որի նյութերը անհրաժեշտաբար կդառնան իրավական
գործընթացների, նախաքննությունների ու դատաքննությունների առարկա։ Սա է
պարտության պատասխանատուներին պարզելու միակ միջոցը, մնացած բոլոր
դեպքերում «մեղավորները» պետք է «նշանակվեն»՝ թաղելով պատերազմի
հանգամանքների օբյեկտիվ ուսումնասիրության որևէ հնարավորություն։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր