Ի՞նչ է ակնարկում Փաշինյանը․ ռազմական հեղաշրջման սցենա՞ր է եղել

Թվում էր՝ ԳՇ-կառավարություն հակադրության էջը փակված է, համենայն դեպս՝ Օնիկ Գասպարյանն այլևս զիվորական բարձրագույն պաշտոնը չի զբաղեցնում, իսկ ԳՇ նոր պետը ոչ միայն ստանձնել է իր լիազորությունները, այլ այս օրերին նույնիսկ իր առաջին աշխատանքային այցն է կատարել երկրի սահմաններից դուրս։
Սակայն երեկ խորհրդարանում ծավալված իրադարձություները ցույց տվեցին, որ ԳՇ-ի շուրջ ծավալվող զարգացումները դեռ շարունակություն են ունենալու՝ դառնալով ներքաղաքական, գուցե նաև նախընտրական դիսկուրսի թեմա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովի ամբիոնից հերքեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն հայտարարությունը, թե պատերազմի առաջին օրերին՝ սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ասել է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ:
Ավելին, Փաշինյանը պնդում է, թե Գասպարյանը հակառակ հայտարարություն է արել։ Մասնավորապես, ըստ Փաշինյանի, նիստին ԶՈՒ ԳՇ պետը ասել է՝ հակառակորդը առաջխաղացում չունի, բանակը կատարում է իր խնդիրը և մինչև վերջ կկատարի։ Օնիկ Գասպարյանն, իհարկե, արդեն հակադարձել է Փաշինյանին։
Արդեն ավելի ուշ՝ Կառավարություն– Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ենք իմանալու, թե ձեզանից որ մեկն է ճիշտ ասում։ Ապա Փաշինյանին առաջարկեց հրապարակել ձայնագրությունը։ Փաշինյան – Մարուքյան զրույցի ընթացքում տեղեկացանք նաև, որ Գասպարյանի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանի հետ հանդիպում է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի իմացությամբ։
Օնիկ Գասպարյանի հետ կապված զարգացումներում էական է նրա ու Սերժ Սարգսյանի հնարավոր հանդիպումների կամ շփումների փաստը։
Իշխանությունն անուղղակիորեն զարգացնում է ռազմական հեղաշրջման վարկածը՝ փաստացի ակնարկելով, որ ԳՇ կոշտ և ընդդիմադիր հայտարարությունը, որով պահանջվում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թելադրվել է երրորդ նախագահի կողմից։ Եթե այս վարկածը ճիշտ է, ապա գործ ունենք ռազմական հեղաշրջման ակնհայտ փորձի հետ, որն, իհարկե, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ընթացք չի ունեցել։ Սակայն այս դեպքում անհասկանալի է, թե ինչու ռազմական հեղաշրջման հատկանիշներով հարուցված քրեական գործ գոյություն չունի։
Մյուս կողմից, տպավորություն է ստեղծվում, որ Գասպարյան-Սարգսյան շփումները տեղի են ունեցել Փաշինյանի իմացությամբ։ Այս պարագայում՝ փաստորեն Փաշինյանն է Գասպարյանին «խառնել» քաղաքականությանը ու հիմա անհասկանալի է, թե ինչու է թիրախավորում նրան ու արդյո՞ք դա կապված է պատերազմում կրած պարտության «մեղավորի» նշանակման հնարավոր օպերացիայի հետ։
Հիմա քաղաքական շրջանակներում երկու վարկածներն էլ ակտիվ քննարկվում են ու առայժմ դժվար է ասել, թե դրանցից որն է իրականը, մանավանդ, որ օբյեկտիվ բանավեճի փոխարեն՝ լսում ենք փոխադարձ շահարկումներ, մեղադրանքներ, որոնք հաճախ հնչում են ոչ այնքան նորմատիվային հայերենով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր