Site icon politcom

Ո՞ւր կհասնի Արմեն Սարգսյան- Նիկոլ Փաշինյան հակադրությունը

Մարտի 24-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ու լրագրողական կազմակերպությունների, իրավապաշտպանների կողմից բուռն քննադատության արժանացած օրինագծով փոփոխություններ են նախատեսում «Քաղաքացիական օրենսգրքում», վիրավորանքի համար սահմանելով գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության դեպքում՝ 2 միլիոնի փոխարեն մինչև 6 միլիոն։
Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել աղմկահարույց նախագիծն ու դիմել է Սահմանադրական դատարան։
Արմեն Սարգսյանը մտահոգ է՝ վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսվող տուգանքի չափի զգալի բարձրացումը կարող է էական վնաս հասցնել խոսքի ու արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի, լրատվամիջոցների ազատությունը։ Բացի այդ, ըստ նախագահի, առաջարկվող փոփոխություններով որևէ համակարգային խնդիր չի լուծվում։ Սարգսյանը միևնույն ժամանակ շեշտել է՝ վիրավորանքն ու զրպարտությունն անընդունելի և դատապարտելի են:
Կոնկրետ դեպքում՝ նախագահի քայլը ԶԼՄ-ների, լրագրողական հանրության կողմից միանշանակ ողջունվում է, որովհետև խորհրդարանի ընդունած օրենքը որևէ խնդիր չի լուծում, ցույց չի տալիս վիրավորանքի ու զրպարտության կանխարգելման որևէ գործուն մեխանիզմ, սակայն դառնում է մահակ, որի միջոցով իշխանությունները կարող են ճնշումներ գործադրել անցանկալի լրատվամիջոցների դեմ։ Օրինակ, որևէ օբյեկտիվ կամ սուր քննադատություն իշխանության ներկայացուցիչը կամ որևէ քաղաքական գործիչ կարող են համարել վիրավորանք ու դատարանի միջոցով հասնել կոնկրետ ԶԼՄ-ի սնանկացմանը։
Մյուս կողմից, եթե դուրս ենք գալիս կոնկրետ օրենքի համատեքստից, ապա անզեն աչքով անգամ նկատելի է, որ վերջին շրջանում նախագահը անթաքույց հակադրվում է վարչապետի կամ խորհրդարանական մեծամասնության նախաձեռնություններին։ Օրինակ, ԳՇ պետն ու նրա տեղակալը նշանակվեցին օրենքի ուժով, երբ նախագահը չստորագրեց նրանց նշանակման հրամանագրերը կամ Արմեն Սարգսյանը ՍԴ դիմեց նաև «Դատական օրենսգրքի» փոփոխությունների հարցով։
Ո՞ւր է հասնելու Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հակադրությունը։
Ապրիլի 1-ին ԱԺ փոփոխություններ է կատարել նաև Ընտրական օրենսգրքում՝ չեղարկելով ռեյտինգային ընտրակարգը։ Այս փոփոխությունը քաղաքական ուժերի մեծամասնության կարծիքով նպաստելու է ընտրությունների որակի բարձրացմանը։ Արդյո՞ք այս հարցով Սարգսյանը նույնպես դիմելու է ՍԴ, թե՞ այս դեպքում նա հղում կանի փորձագիտական կարծիքներին ու միանգամայն իրավաչափ կհամարի ԱԺ ընդունած օրենքը՝ ստորագրելով այն։
Մի քանի օրից այս հարցի պատասխանը կունենանք, որը, սակայն, պատասխան կտա ավելի գլոբալ հարցի՝ նախագահը պահպանո՞ւմ է արբիտրի իր կարգավիճակը, թե՞ դառնում է քաղաքական հակադրության կողմերից մեկը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version