Site icon politcom

Արմեն Սարգսյանի նուրբ ակնարկը․ սպասվող ճգնաժամի անո՞նս

Հայաստանի քաղաքական իշխանության և նախագահ Արմեն Սարգսյանի հակադրության մասին մի քանի օր առաջ գրել էինք։ Նախագահը սկզբունքորեն չի ստորագրում ԱԺ կողմից ընդունված առանցքային օրենքները, նաև վարչապետի որոշ նշանակումներ։

Արմեն Սարգսյանը չստորագրեց նաև ԸՕ փոփոխությունների վերաբերյալ օրենքը, իհարկե՝ կոնկրետ դեպքում նրա այս քայլը իրավական հետևանքներ չի առաջացնի, որովհետև Արմեն Սարգսյանը ՍԴ չի դիմել, իսկ դա նշանակում է, որ օրենսդրական նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն ԱԺ նախագահի ստորագրությամբ ու ռեյտինգային ընտրակարգը կվերացվի։

Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ այն մոտիվները, որոնք նախագահին ստիպեցին հետ կանգնել ԸՕ փոփոխությունները վավերացնելուց, որովհետև դրանք քաղաքական հետևանքներ հարուցում են։

«․․․Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահն ունի հետևյալ սկզբունքային դիտարկումները՝
Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում:

Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված արտահերթ ընտրությունները կազմակերպելուն պետք է նախորդի Սահմանադրության, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի համապարփակ փոփոխությունների գործընթացը, որը պահանջում է ողջամիտ ժամկետ և, ժողովրդավարության սկզբունքներին համաձայն, պետք է իրականացվի լայն հանրային, հասարակական, քաղաքական քննարկումների արդյունքում ձևավորված կարծիքները լսելով և հաշվի առնելով: Ընտրակարգին առնչվող կարգավորումները պետք է միտված լինեն ընտրողների շահերը լավագույնս ներկայացնելու տրամաբանությամբ Ազգային ժողով ձևավորելուն»,- ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության տեքստում։

Արմեն Սարգսյանն, ըստ էության, կասկածի տակ է դնում ընտրական ռեֆորմի քաղաքական լեգիտիմությունը՝ մատնանշելով դրա շուրջ խորհրդարանական կոնսենսուսի բացակայությունը։ Նախագահի ինստիտուտի մակարդակով նման նախադեպային արձանագրումը հետագայում կարող է արտահերթ ընտրությունների լեգիտիմության առումով կասկածներ ծնել, մանավանդ, որ քաղաքական այսօրվա բևեռացման պայմաններում դժվար է կանխատեսել, որ հունիսի 20-ի արդյունքների վերաբերյալ լինելու է կոնսենսուս։

Սակայն ավելի հետաքրքիր է այն հանգամանքը, որ նախագահը քաղաքական ճգնաժամի հաղթահարումը հնարավոր է համարում այլ «Ճանապարհային քարտեզով»՝ պնդելով առաջին հերթին սահմանադրական ռեֆորմի անհրաժեշտությունը։

Զուտ կիրառական առումով՝ ԸՕ փոփոխությունները մտնելու են ուժի մեջ, ու Արմեն Սարգսյանն այս առումով, ըստ էության, չի առարկել ռեյտինգային ընտրակարգի վերացմանը։

Արմեն Սարգսյանի ուղերձն այլ տեղում է․ նա ակնարկում է, որ հունիսի 20-ի ընտրություններով քաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվելու։

Հիմա գնդակը իշխանության դաշտում է, որը պետք է ապացուցի, թե կարող է անցկացնել որակյալ ընտրություններ։ Հակառակ պարագայում՝ հունիսի 20-ը դառնալու է ոչ թե ճգնաժամի ավարտ, այլ դրա գեներացիայի նոր հանգրվան։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version