Բանակի ռեֆո՞րմ, թե՞ նախընտրական «աչոկներ»

Պատերազմում արձանագրված պարտությունից հետո բանակի արդիականացումն ու ռեֆորմը ամենակարևոր հարցերից մեկն է ու նույնիսկ ցանկալի է, որ երկրի վարչապետն անդրադառնում է այս թեմային։

Մյուս կողմից, բանակի ռեֆորմը տարողունակ, բազմաշերտ թեմա է, որի մասին պետք է ու անհրաժեշտ է խոսել համալիր լուծումներով՝ բոլոր բաղադրիչները հաշվի առնելով։ Հակառակ դեպքում՝ սիրողական, ոչ պրոֆեսիոնալ դեղատոմսերը կարող են ոչ միայն թաղել բարեփոխումների հնարավորությունը, այլև ռիսկեր ծնել մեր անվտանգության միջավայրի համար։

«Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,- նախօրեին Վայոց ձորում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես գրեթե բոլոր մյուս դեպքերում, այս պարագայում նույնպես գործող վարչապետը չի առաջարկում ինստիտուցիոնալ լուծումներ, համակարգային մոտեցումներ ու խոսում է հնարավոր բարեփոխման հետևանքներից ընդամենը մեկի մասին, ընդ որում՝ հնչեցնում է միտք, որի տակ չկա մասնագիտական հաշվարկ։ Այս միտքը գուցե անգամ չի ծնվել մասնագիտական քննարկումների արդյունքում ու իր բնույթով «նախընտրական» է՝ միտված ժողովրդահաճո արտահայտություններով ձայներ ստանալուն։

Մահաբեր պատերազմից հետո բնական է, որ շատ ծնողներ չեն ցանկանում իրենց որդիների ծառայությունը, հատկապես սահմանամերձ հատվածում և ահա՝ վարչապետի ուղերձն ուղղված է ոչ թե բանակի ռեֆորմին, այլ իրենց երեխաների անվտանգությամբ մտահոգ մարդկանց՝ նրանց քվեն ստանալու ակնկալիքով։

Պոպուլիզմի նման նշաձողով գուցե հնարավոր է հաղթել ընտրություններում, սակայն այդ հաղթանակը հաստատ չի նպաստելու արդյունավետ ու որակյալ կառավարմանը։ Չի կարելի «ոտքի վրա» ռեֆորմ հորինել՝ մի քանի հազար քվեների համար։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր