ՀՅԴ-ն՝ ընդդեմ ՀՅԴ-ի

ՀՅԴ-ն Գերագույն ժողովից հետո հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում կուսակցությունը մասնակցելու է դրանց։ «․․․Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու դեպքում մասնակցել՝ դրանք դիտարկելով որպես հայրենադավ իշխանություններին հեռացնելու միջոցներից մեկը»,- ասված է հայտարարության մեջ։

Որևէ զարմանալի բան չկա, որ կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ավելին՝ դա որևէ կուսակցության հիմնական առաքելությունն է, որովհետև ընտրությունները լեգալ միջոց են, որի միջոցով քաղաքական ուժերը մասնակցում են իշխանության ձևավորմանը՝ հնարավորություն ստանալով իրականացնել իրենց ծրագրերը։

Սակայն ՀՅԴ պարագայում այս աքսիոմը գոնե մասամբ չի աշխատում։

Այս կուսակցությունը «Հայրենիքի փրկության շարժման» գաղափարական առանցքն էր ու պարբերաբար պնդում էր, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում բացառում է մասնակցությունն ընտրություններին։ Ավելին, Փաշինյանի հրաժարականի պահանջն ու արտահերթ ընտրությունների օրակարգը ՀՓՇ-ն անհիմն կերպով հակադրում էր իրար։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ իռացիոնալ մոտեցումը փողոցային պայքարը դրեց փակուղու  մեջ։

Հիմա, ըստ էության, տեղի է ունեցել քաղաքական շրջադարձ, ընդ որում՝ ՀՅԴ-ն հրապարակավ չի խոստովանել, որ իր նախկին կուրսը ձախողվել է ու դժվար է պատկերացնել, թե քարոզարշավի ժամանակ Դաշնակցության գործիչներն ինչպես են մեկնաբանելու իրենց դիրքորոշման շրջադարձը։

Ավելին, ՀՅԴ-ն դեռևս չի բացահայտում ընտրություններին իր մասնակցության ձևաչափը, սակայն բոլորը գիտեն, որ ավանդական կուսակցությունը մաս է կազմելու Ռոբերտ Քոչարյանի ձևավորած դաշինքին։

Այստեղ էլ գործ ունենք մյուս կոնտրաստի հետ, քանի որ ՀՅԴ-ն ավանդաբար մերժել է դաշինքները ու ընտրություններին մշտապես մասնակցել է ինքնուրույն։ Ստացվում է՝ ՀՅԴ-ն հրաժարվում է իր սկզբունքից՝ հանուն իշխանության կամ նույնիսկ մի քանի մանդատի։

ՀՅԴ-ն՝ ընդդեմ ՀՅԴ-ի։ Սա է ընտրական այս ցիկլի ամենևին էլ ոչ միակ կոնտրաստներից մեկը։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր