Փաշինյանի սկանդալային այցը Սյունիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի չհայտարարված այցը Սյունիք ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Իրավիճակը պարբերաբար լարվում է, օրինակ, սյունեցիները փորձել են խոչընդոտել նրա տեղաշարժը՝ պահանջելով հեռանալ։

Այցի օրակարգը կառավարությունը չի հրապարակել։

Ամիսներ առաջ Փաշինյանը փորձել էր մուտք գործել Սյունիք, սակայն չէր կարողացել առաջանալ Սիսիանից դեպի հարավ, այս անգամ նա ֆիզիկապես հայտնվել է մարզում, սակայն՝ իրավիճակը պայթունավտանգ դարձնելու գնով։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո Փաշինյանը Սյունիքի մարզում կորցրել է քաղաքական, սոցիալական հենարանը և զուր է փորձում իմիտացնել, թե այս մարզում ևս իրեն սպասում են հարյուրավոր կողմնակիցներ։ Ավելին, Փաշինյանի այցը Սյունիք նմանվում է սադրանքի, ինչը բախումներ է հրահրում ոչ միայն սյունեցիների ու իրավապահների, այլ նաև՝ ագրեսիվ տրամադրություններ ունեցող մարդկանց ու գործող վարչապետի սակավաթիվ կողմնակիցների միջև։

Մյուս կողմից, Սյունիքի «առանձնահատկության» թեզն առաջ քաշող շրջանակները «արջի ծառայություն» են մատուցում հենց այս մարզին՝ սպասարկելով օտար կենտրոնների, որոնք հաստատապես գեներացնում են Սյունիքի «ինքնորոշման», «ինքնատիպության» վտանգավոր թեզերը։

Ընդունում ենք, որ Սյունիքի հասարակության մեծամասնությունն օբյեկտիվորեն հիասթափված է Փաշինյանից, սակայն ակնհայտ է նաև, որ այդ բնական դժգոհության գեներացիայով են զբաղված ներքին և արտաքին որոշակի շրջանակներ՝ ամենևին էլ ոչ անմեղ նպատակներով։

Մյուս կողմից, իշխանությունն այսօր կամ առաջիկա շաբաթներին չպետք է տրվի Սյունիքի հարցերը ուժային տարբերակով լուծելու գայթակղությանը, անհրաժեշտ է ստեղծել հարթակներ՝ Սյունիքի հասարակության հետ զրուցելու, նրա խնդիրները լուծելու, մտահոգությունները փարատելու նպատակով։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր