Site icon politcom

Ալիևին պետք է հակազդի ամբողջ աշխարհը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ երեկոյան ադրբեջանական հեռուստաընկերության եթերում վստահեցրել է, թե կատարելու են «Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը»՝ անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե՝ ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, խնդիրը, ըստ Ալիևի, կարելի է լուծել հեշտությամբ, եթե ոչ՝ իրենք «այն կլուծեն ուժով»: Նա նաև հայտարարել է, թե «101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է զավթված Զանգեզուր»:

Ադրբեջանի ղեկավարի հռետորաբանությունից ակնհայտ է դառնում, որ կոմունիկացիոն հարցերում անհաղթահարելի հակասություններ կան հայկական և ադրբեջանական կողմերի միջև։ Կարելի է ենթադրել նաև, որ Բաքվի տեսակետները պաշտպանության չեն արժանացել նաև Մոսկվայում ու Ալիևի սպառնալիքները հասցեագրված են ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին։

Սա այն դեպքն է, որ Մոսկվան պարտավոր է շատ կոշտ արձագանքել Ալիևի ռազմաշունչ հռետորաբանությանը։

Մի կողմից, Ռուսաստանը եռակողմ համաձայնագրի երաշխավորներից մեկն է ու ոչ երկիմաստ արտահայտություններով պետք է Ադրբեջանին հասկացնի, որ սխալ ու միակողմանի է մեկնաբանում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, մյուս կողմից՝ Ադրբեջանի նախագահը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, իսկ այս հարցում Ռուսաստանը Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորություններ ունի՝ ոչ միայն երկկողմ պայմանագրերի, այլ նաև ՀԱՊԿ շրջանակներում։

Սյունիքը Ֆիզուլին չէ, որի նկատմամբ ոտնձգությունը Ալիևը քողարկի միջազգային իրավունքի պաշտպանությամբ՝ հղում անելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու թեզին։ Ալիևը բացահայտ մարտահրավեր է նետում ինքնիշխան Հայաստանին, նրա միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությանը, սուվերենությանը։ Ադրբեջանին զսպելու պարտավորություն ունեն բոլոր միջազգային կազմակերպությունները, պետությունները։ Նրանց չեզոքությունն այս հարցում կարող է միայն խթան հանդիսանալ Բաքվի ռազմատենչության համար։

Մյուս կողմից, պատերազմի վերսկսման հավանականությունն այս պահին շատ փոքր է ու կարծում ենք՝ Ալիևը փորձում է սադրանքների ու շանտաժի միջոցով առաջ տանել իր օրակարգը։ Պաշտոնական Երևանը պարտավոր է չտրվել սադրանքին ու ավելի կարծր դիրքորոշումներով պաշտպանել Հայաստանի ու նրա ժողովրդի շահերը, անվտանգությունը։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version