Site icon politcom

Պայթունավտանգ իրավիճակ երկրում․ կկայանա՞ն արդյոք ընտրությունները

Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին նախօրեին բնակիչները դիմավորել են բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Պահանջել՝ վարչապետը հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ դավաճան» վանկարկումներով բնակիչներն ուղեկցում էին նրան, փակում ճանապարհը։ Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, հանրապետության ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարեց կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել։

Ամենևին էլ չենք ընդունում այն բառամթերքը, որով Փաշինյանը դիմավորվել է Սյունիքում և հեռու ենք այն մտքից, թե, այսպես ասած, բողոք ակցիաները միայն սյունեցիների ինքնաբուխ բողոքի դրսևորում էին։

Մյուս կողմից, բացարձակապես անընդունելի են այն ռեպրեսիվ մեթոդները, որով Փաշինյանի իշխանությունը փորձում է լռեցնել ընդդիմախոսներին, նվաստացնել բերման ենթարկված սյունեցիներին։

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում ասել է՝ գիշերը կարմիր բերետավորները ներխուժել են իր եղբոր՝ Հրանտ Աղաբեկյանի տուն ու նրան բերման ենթարկել։ Ավելի ուշ սոցցանցերում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են իրավապահ մարմիններն, ըստ էության, խոշտանգում բարձր ջերմություն ունեցող Աղաբեկյանին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նվաստացման ու բռնության է ենթարկվել նաև բերման ենթարկված Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Երեկ Երևանում Արամ Մանուկյանի արձանի մոտ հանրահավաք էր հրավիրվել: Սակայն այն տեղափոխվեց դատախազության շենքի մոտ, որտեղ էլ բախումներ տեղի ունեցան:

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտնվել էր ինստիտուցիոնալ փակուղում և վերածնվելու որևէ շանս այլևս չուներ։ Փաշինյանի իշխանությունն՝ իր ոչ ադեկվատ քայլերով, չարդարացված ռեպրեսիաներով, դարձյալ վերածնեց փողոցային պայքարը։ Ավելին՝ ներքաղաքական իրավիճակը դարձյալ կարող է պայթունավտանգ դառնալ՝ վտանգելով ընտրությունների անցկացումը։

Մնում է ենթադրել՝ ո՞ւմ կամ ո՞ր շրջանակին է ձեռնտու ընտրական գործընթացի վիժեցումն ու քաղաքական պայքարը դարձյալ անտագոնիզմի ճանապարհով տանելը։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version