Մարտի 1-ի գործի ողնաշարը կոտրված է․ դատախազության հուսահատ ջանքերը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

Նախկին նախագահն ու նրա նախկին երեք ենթակաները ապրիլի 6-ին արդարացվեցին, քանի որ նրանց մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը բարձր դատարանի կողմից անվավեր ու հակասահմանադրական էր ճանաչվել։

Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի վերաբերմունք ունենք Մարտի 1-ի գործի վերաբերյալ՝ դատախազության բողոքարկումը իրավաչափության տեսանկյունից ամենևին էլ հասկանալի չէ։

Գլոբալ հարթության վրա գործ ունենք իրավական և քաղաքական գորոծոնների համակցության հետ, որի հետևանքով Մարտի 1-ի գործի ողնաշարը ջարդված է։

Անցած երեք տարիներին ամբողջովին տապալվել է գործող իշխանության իրավական քաղաքականությունը, ինչի հետևանքով դժվար էր պատկերացնել Մարտի 1-ի նման բազմաշերտ ու բարդ գործի բացահայտումը։ Իշխանության իրավական քաղաքականության ֆիասկոյի եզրափակիչ դրսևորումն էր, երբ Նիկոլ Փաշինյանի «սրտի» ՍԴ-ն, ըստ էության, արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին։

Մյուս կողմից, ակնհայտ է, որ Մարտի 1-ի գործով վերջին զարգացումները նաև քաղաքական որոշման հետևանք են ու գրեթե կասկածից վեր է, որ այդ որոշումը կայացվել է ոչ միայն Երևանում։

Ահա, այս համատեքստում հասկանալի չէ, թե ինչն է բողոքարկում Գլխավոր դատախազությունը, մանավանդ, երբ առաջին ատյանի դատարանի որոշման հիմքում ՍԴ համապատասխան որոշումն է։ Գլխավոր դատախազությունը այսօրվա վիճակի հիմնական պատասխանատուներից մեկն է ու այնպիսի տպավորություն է, թե հուսահատ ջանքերով փորձում է փրկել իրավիճակը։ Ցավոք, ուշացած ու ոչ համարժեք ջանքերով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր