Փաշինյանի և Քոչարյանի «անխախտ միասնությունը»․ չի կարող լինել ընտրություն Հոկտեմբերի 27-ի և Նոյեմբերի 9-ի միջև

Ես գիտակցում եմ, որ հիմնական թիրախը ես եմ լինելու և հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ։ Այս մասին աջակիցների հետ օրերս տեղի ունեցած հանդիպմանն ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ընտրությունները լինելու են երկբևեռ, և այն, ինչ անում է այսօր իշխանությունը՝ կապված իմ հետ, կամ հնարավոր այն դաշինքի հետ, որ ես եմ գլխավորելու, իրենք իմ դեմ քարոզչություն են անում, իրենք աջակցում են և աջակցելու են այս բևեռի ձևավորմանը։ Ես գիտեմ, որ շատերի մոտ կարծիք կա, որ իրենք արդեն քարոզարշավ են սկսել, և մենք հետ ենք մնում․ հանգիստ ենք, հանգիստ, պլանավորված մենք մեր քայլերով առաջ ենք գնալու, հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները»,– ասել է նա։

Քոչարյանը նշել է, որ ընտրությունը լինելու է երկու շատ պարզ բևեռների միջև։ «Մենք ի՞նչ ենք ուզում, մենք ուզո՞ւմ ենք պարտված, ստորացված, անարժանապատիվ ապագա  և թշվառ ապագա, քանի որ տնտեսությունը բավականին ծանր վիճակում է, թե՞ մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն և բարեկեցիկ կյանք։ Սա է լինելու ընտրությունը, ցավոք էլի սև ու սպիտակի է վերածվելու, կոնտրաստի իմաստով եմ ասում, ոչ թե այն իմաստով, որը միշտ այս իշխանությունն էր օգտագործում։ Հիմա եթե մարդիկ ուզում են թշվառ ապագա, անարժանապատիվ ապագա, մենք իրենց առաջարկելու ենք լրիվ այլ հնարավորություն»,–ասել է նա։

Դեռևս պաշտոնապես չմեկնարկած քարոզարշավն ունի ռիսկ՝ հայտնվելու «սև-սպիտակի», «ներկա-նախկինի» կեղծ հակադրության ծուղակում։ Դա քաղաքական դեգրադացիայի տանող ծուղակ է, որը ուղղակի մարտահրավեր է հասարակությանը, քաղաքական համակարգին, սակայն ձեռնտու է երկու բևեռների պոտենցիալ ղեկավարներին՝ Նիկոլ Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանին։

Գրեթե բոլոր ձեռնարկներում ձախողված Փաշինյանի իշխանությունը կարող է վերարտադրվել միայն այն պարագայում, երբ հիմնական ընդդիմության դերում Ռոբերտ Քոչարյանն է՝ կոռուպցիայի և արյունոտ հաշվեհարդարի խորհրդանիշը։ Սա հստակ գիտեն Փաշինյանի թիմում և ոչ բարդ տեխնոլոգիաների միջոցով ամեն օր դեմոնացնում են երկրորդ նախագահին։

Մյուս կողմից, ժողովրդի կողմից մերժված Քոչարյանի թիմը կարող է կենսունակ լինել միայն Փաշինյանի ապիկար իշխանության պայմաններում։ Սա էլ հստակ գիտակցում են երկրորդ նախագահի թիմում՝ իրենց հերթին դեմոնացնելով Փաշինյանին։

Երկբևեռ ընտրության գաղափարը, որն այնքան հարազատ է Փաշինյանին ու Քոչարյանին, հասարակությանն, ըստ էության, զրկում է բովանդակային ընտրության հնարավորությունից։ Չի կարող լինել ընտրություն Հոկտեմբերի 27-ի և Նոյեմբերի 9-ի միջև։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր