Site icon politcom

Ընտրական գործընթացի մեկնարկը տրված է․ Փաշինյանը հրաժարական տվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարական տվեց՝ արտահերթ ընտրություններ նախաձեռնելու նպատակով։

Անկեղծ ասած, այս հրաժարականը կանխատեսելի էր դեռ նախորդ օրը, երբ Նիկոլ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։

Ուշագրավ է, որ ապրիլի 24-ին տեղի ունեցած այդ հեռախոսազրույցի ընթացում որևէ անդրադարձ չի եղել օրվա խորհրդին, փոխարենը՝ քննարկվել են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր։ Այլ խոսքով՝ Ռուսաստանի նախագահը «հպարտ քաղաքացիներից» մեկ օր շուտ է իմացել Փաշինյանի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների մասին։

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Փաշինյանը նույն օրը ներքաղաքական հարցեր է քննարկել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ապա մնում է արձանագրել, թե ինչպիսի անկում է ապրել հետպատերազմյան Հայաստանի սուբեկտությունը։

Այնուամենայնիվ, արտահերթ ընտրություններն այսօր ստեղծված ճգնաժամի հաղթահարման միակ լեգիտիմ միջոցն են։

Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի հեռացումը հնարավոր էր մի քանի տարբերակներով։

Հրաժարականի տարբերակը Փաշինյանն ի սկզբանե բացառեց։

«Հայրենիքի փրկության շարժման» հեղափոխության օրակարգը ձախողվեց՝ հասարակական կոնսոլիդացիայի բացակայության պատճառով։

Այսպես ասած՝ հարթակային ընդդիմությունն օգտագործեց նաև տարբեր ֆորս-մաժորային իրավիճակները(ԳՇ-կառավարություն հակադրություն, Սյունիքի իրադարձություններ)՝ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար։ Սա էլ ձախողվեց։

Իշխանափոխության միակ ճանապարհը մնաց արտահերթ ընտրությունը։

Արտահերթ ընտրություններն անխուսափելի են, հիմա քաղաքական ուժերը պետք է մտածեն դրանց որակի մասին՝ այդ օրակարգը տապալելու փոխարեն։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version