Փաշինյանն առաջադրվեց՝ չընտրվելու համար

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս գործընթացն անհրաժեշտ է ԱԺ-ն արձակելու և հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: 

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: 

Այս նիստը և մյուսը, որը հրավիրվելու է մայիսի 10-ին, ֆորմալ բնույթ ունեն և միտված են արտահերթ ընտրությունների օրենսդրական հիմքերի ստեղծմանը

Սակայն ԱԺ մայիսի 3-ի և 10-ի նիստերը լրացուցիչ առիթ են, որպեսզի Նիկոլ Փաշինյան օգտագործի խորհրդարանական ամբիոնը՝ նախընտրական ոչ ֆորմալ քարոզարշավ իրականացնելու, իր «անմեղությունն» ապացուցելու, ընդդիմախոսներին պիտակավորելու համար։ Մի խոսքով՝ մինչև պաշտոնական քարոզարշավը Փաշինյանն առնվազն երկու անգամ հնարավորություն է ստանում քարոզարշավ իրականացնելու՝ խորհրդարանական ռեսուրսը, մրցակիցների բացակայությունն օգտագործելով։

Այս նիստերը քարոզչական նպատակով կարող է օգտագործել նաև արտախորհրդարանական ընդդիմությունը, որը պնդում է, թե հրաժարականից հետո Փաշինյանն իրավունք չունի ԺՊ կարգավիճակով կատարել վարչապետի պարտականությունները։

Թիրախավորվելու է միայն խորհրդարանական ընդդիմությունը, որն այս օրերին հայտնվել է, այսպես ասած, նախկիններից սնուցվող ընդդիմության հանիրավի քննադատության առանցքում։

Ընտրական ցիկլը մոտենում է, սակայն մենք չենք տեսնում նոր, կրեատիվ մոտեցումներ։ Ամեն ինչ քաղաքական ավանդական ժանրի մեջ է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր