Լեգիտիմության պահանջ․ գնդակն իշխանության դաշտում է

Նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ փաստաթղթից հետո ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջը հայտնվեց օրակարգում, իհարկե, դրա վերաբերյալ միանգամայն տարբեր մոտեցումներ ունեին քաղաքական ուժերը։
Օրինակ, «Հայրենիքի փրկության շարժման» թեզերից մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում օրինական ընտրություններ անցկացնել հնարավոր չէ։ Ընդդիմադիրների փաստարկը գուցե էմոցիոնալ է, բայց որոշակի հիմք ունի․ նրանք ասում են՝ անգամ պատերազմ կեղծող իշխանությունը չի կարող քվե չկեղծել։ Իհարկե, հարթակային ընդդիմությանը չհաջողվեց հեղափոխություն անել և ընտրություններն, ի վերջո, անցկացնելու է Փաշինյանի իշխանությունը, սակայն հարթակից հնչած մեղադրանքները հանրային գիտակցության մեջ որոշակի նստվածք թողել են։
Հիմա շրջանառության մեջ է ընտրությունների ապալեգիտիմացման մեկ այլ հանգամանք։
Մի շարք քաղաքական ուժեր և անհատներ պնդում են, որ հրաժարականից հետո Փաշինյանը ոչ թե վարչապետի ԺՊ պետք է մնա, այլ հեռանա պաշտոնից։ Նրանք պնդում են, որ հակառակ պարագայում՝ ընտրական գործընթացն ապալեգիտիմացվում է։ Այս թեզը հանրային և քաղաքական որոշակի շրջանակների պաշտպանությանն արժանանում է, սակայն, մեծ հաշվով, ակտուալ չէ, որովհետև խորհրդարանական ընդդիմությունն այն առանձնապես չի կարևորում՝ կենտրոնանալով առաջիկա ընտրությունների որակի վրա։
Այսպիսով՝ օրակարգում գոյություն ունեն ընտրական գործընթացի ապալեգիտիմացման մի քանի գործոններ։ Դրանք այս պահին առայժմ որոշիչ նշանակություն չունեն, որովհետև իշխանությունը խոստանում է անցկացնել որակյալ ընտրություններ։ Եթե ընտական գործընթացում և քվեարկության օրը չլինեն էական խախտումներ և ընտրությունների արդյունքների հարցում ձևավորվի քաղաքական և հանրային կոնսենսուս, ապա հունիսի 21-ի որևէ մեկը հազիվ թե հիշի այս օրերին հնչող փաստարկների մասին։ Սակայն եթե իշխանություններին չհաջողվի անցկացնել որակյալ ընտրական գործընթաց, ապա լեգիտիմացվելու են բոլոր այն մեղադրանքները, որոնք նոյեմբերի 9-ի հետո հնչել են իշխանությունների հասցեին։
Հիմա գնդակն իշխանության դաշտում է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր