Site icon politcom

Հարությունյանը աջակցե՞ց, թե՞ հարվածեց Փաշինյանին

Պատերազմի հետևանքները պարզ էին հոկտեմբերի սկզբին, սակայն ՀՀ քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել, օրերս հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Պաշտոնական Երևանն անցած երկու օրերին որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը՝ տարբեր վարկածների շրջանառության տեղիք տալով։
Առերևույթ թվում է՝ Հարությունյանն աջակցել է Փաշինյանին՝ պատերազմի չդադարեցման պատասխանատվությունը դնելով ընդդիմության վրա։
Սակայն սա շատ թույլ և հակաքաղաքագիտական թեզ է, որովհետև որևէ երկրում պատերազմի հայտարարման, հրադադարի որոշումները չեն կայացվում քաղաքական կոնսենսուսով ու գտնվում են բացառապես իշխանության պատասխանատվության տիրույթում։
Այս քաղաքագիտական ճշմարտության համատեքստում ստացվում է, որ Հարությունյանը կամ «արջի ծառայություն» է մատուցել Նիկոլ Փաշինյանին, կամ էլ վերջինիս ուղղակի հարվածի տակ է դրել՝ ակնարկելով, որ Հայաստանի վարչապետը հոկտեմբերի սկզբից իմացել է պատերազմի մահաբեր ավարտի մասին ու միջոցներ չի ձեռնարկել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։
Արայիկ Հարությունյանի հայտարարության բովանդակությունն ուղղակի սարսափելի է։
Եթե պատերազմի հետևանքները պարզ էին դեռ հոկտեմբերի սկզբին, ապա Հայաստանի իշխանությունը պատասխանատվություն է կրում հազարավոր զոհերի, տարածքային կորուստների, երկրի ինքնիշխանության փոշիացման համար։ Արցախի նախագահի հայտարարությունը լուրջ քաղաքական, իրավական հետաքննության նյութ պետք է դառնա։
Մասնավորապես, արդիական է այն հարցը, թե արդյո՞ք Փաշինյանը կարող էր դադարեցնել պատերազմը ու դա չի արել ներքաղաքական նկատառումներով, թե՞ պատերազմի դադարեցումը վեր է եղել նրա ջանքերից ու գտնվել է տարածաշրջանային մեծ խաղացողների որոշումների տիրույթում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version