Սերժ Սարգսյանի ուժգին հարվածը Քոչարյանին․ ընտրական գործընթացի բևեռները շատացան

Մինչև երեկ երեկո գերիշխում էր կարծիքը, թե ընտրական առաջիկա գործընթացը լինելու է երկբևեռ, այլ խոսքով՝ նոր իշխանության ձևավորման հիմնական ֆավորիտներ էին համարվում Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբված կենտրոնները։
Սակայն վերջին օրերին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը երեկ երեկոյան միս ու արյուն ստացան․ ձևավորվեց դաշինք ՀՀԿ-ի Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության միջև։
Սերժ Սարգսյանը «ձիու քայլ» արեց՝ վերացնելով ընդդիմադիր դաշտում մոնոպոլիա հաստատելու և իշխանությանը միակ այլընտրանք լինելու Ռոբերտ Քոչարյանի հավակնությունը։ Այժմ Քոչարյանն ու Սարգսյանը դառնում են անհաշտ ախոյաններ, ռեստավրացվում է վերջիններիս հակադրությունը, որը լեցուն դրվագներ ունի վերջին առնվազն 10-15 տարիներին։
Քոչարյանի թիմն ու ՀՀԿ-ն «նստած» են նույն էլեկտորալ բազայի, ինստիտուցիոնալ հիմքերի, որոշ դեպքերում՝ մարդկային ռեսուրսի վրա։
ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ստեղծումը, մի կողմից, ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, մյուս կողմից՝ շանս է ԲՀԿ-ի համար։
Իշխանության վերարտադրությունն անհամեմատ հեշտանում է, երբ ընդդիմադիր դաշտում չկա կոնսոլիդացնող առանցք։ Եթե մինչև երեկ երեկո այդպիսին համարվում էր Քոչարյանի դաշինքը, ապա հիմա ընդդիմադիր առաջնորդության համար պայքար են մղելու առնվազն երեք ուժեր։
ԲՀԿ-ն շանս ստացավ պահպանելու երկրորդ քաղաքական ուժի կարգավիճակը, եթե, իհարկե, կարողանա դիմակայել աղմկոտ ընտրարշավի աղմուկին։ Դրա համար Գագիկ Ծառուկյանի թիմը պետք է ուժեղացի իր քարոզարշավի քաղաքական բաղադրիչը, հակառակ պարագայում՝ կարող է հայտնվել երկրորդ և երրորդ նախագահների ագրեսիվ քարոզչության լուսանցքում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր