Site icon politcom

Չընտրություն՝ Փաշինյանի քարոզարշավով

Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ: Քվեարկության արդյունքներով՝ նա ստացավ 1 «կողմ», 3 «դեմ» և 75 «ձեռնպահ» ձայն: Այս ֆորմալ ընթացակարգն արվում է` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ապահովման համար` համաձայն Սահմանադրության կարգավորումների:
Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։
Մյուս անգամ ԱԺ-ն նման ֆորմալ նիստ կանցկացնի յոթ օրն անց՝ մայիսի 10-ին ու կասկածից վեր է, որ երկրորդ անգամ խորհրդարանը վարչապետ չի ընտրի՝ ճանապարհ բացելով ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար։
ԱԺ այսօրվա նիստը՝ թեև ֆորմալ էր, բայց էապես բացահայտեց Փաշինյանի ու նրա թիմի քարոզարշավի բովանդակությունը։ Կասկածից վեր է, որ այն չի ունենալու երկրի զարգացման բաղադրիչ և ուղեկցվելու է նախկիններին ուղղված քննադատությամբ։ Մասնավորապես, այսօր Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չէր խնայում պատերազմի պատասխանատվությունն իրենց օտարելու և նախկիններին հասցեագրելու առումով։
Ինչքան էլ օբյեկտիվ լինի նախորդ իշխանություններին ուղղված քննադատությունը՝ ակնհայտ է, որ անտագոնիստական քարոզարշավը, սեփական քաղաքական բովանդակության բացակայությունը նախկինների հանցագործությամբ քողարկելու մարտավարությունը չեն կարող նպաստել ընտրական այս գործընթացի որակի բարձրացմանը, քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը։
ԱԺ առաջիկա ընտրությունները, ինչքան էլ ցավալի է խոստովանել, ոչ թե հաղթահարելու են, այլ ընդամենը կոնսերվացնելու են քաղաքական ճգնաժամը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version