Site icon politcom

Փաշինյան-Քոչարյան «ինտերնացիոնալ»՝ ընդդեմ քաղաքականության

Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել և ԼՂՀ նախագահ չեմ դարձել քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում. ուղղակի ազգային ազատագրական շարժում էր և այդ շարժման մեջ ներգրավվելով, առաջնորդելով շարժումը դարձել եմ նախագահ: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ես ինձ այսօր էլ չեմ համարում քաղաքական գործիչ: Երևի կարելի է ասել պետական գործիչ: Քաղաքականությամբ չեմ զբաղվել, որեւէ կուսակցության անդամ չեմ: Ժամանակին եղել եմ կոմկուսի անդամ, դուրս եմ եկել»,-ասել է նա։
Քոչարյանն այս հարցում միանգամայն ազնիվ է՝ նա երբեք քաղաքական գործիչ չի եղել, չունի արժեքային համակարգ, նվիրվածություն որևէ գաղափարախոսության, սկզբունքի։ Պատահական չէ, թերևս, որ Քոչարյանի հայտնվելը հայաստանյան քաղաքականության մեջ եղել է նույն այդ քաղաքականությունը սպանելու միջոցով։
Եթե չլիներ 1996-ի նախագահական ընտրություններով պայմանավորված ներքաղաքական ճգնաժամը, Քոչարյանը հազիվ թե հայտնվեր Հայաստանի վարչապետի պաշտոնում։ Եթե չլինեին 1998-ի և 2003-ի նախագահական կեղծված ընտրությունները, Քոչարյանը երբեք չէր կարող դառնալ Հայաստանի նախագահ։ Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, Քոչարյանը Հայաստանում երբեք չէր ունենա լիարժեք իշխանություն։ Եթե չլիներ Մարտի 1-ը, Քոչարյանը չէր կարողանալու ապահովել իշխանության տրանզիտը։
Նշված իրադարձություններից, դեպքերից որևէ մեկը կապ չունի քաղաքականության հետ, բայց նաև աքսիոմ է, որ ժամանակակից աշխարհում ոչ քաղաքական մարդը չի կարող զբաղեցնել քաղաքական պաշտոն։ Այդ դեպքում՝ պետական կառավարումը դեգրադացվել է՝ ինչպես դա եղավ Քոչարյանի նախագահության տասը տարիներին։
Բայց պետական կառավարումն ու քաղաքականությունն այլասերվել են նաև Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։ Գործող վարչապետը մերժում է «իզմ»-երը, գաղափարախոսությունները, այլ խոսքով՝ իրեն նույնպես չի համարում քաղաքական գործիչ՝ թերևս բավարարվելով հեղափոխականի կարգավիճակով։
Այս հարթության վրա ձևավորվել է Փաշինյան-Քոչարյան «ինտերնացիոնալ»՝ ընդդեմ քաղաքականության։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version