Site icon politcom

Փաշինյանը՝ ճակատագրական սխալի առջև

Դատելով իշխանության ճամբարից հնչող հռետորաբանությունից՝ Նիկոլ Փաշինյանի թիմը մտադիր է խորհրդարանական առաջիկա ընտրություններում գրանցել 50+1 ցուցանիշ։

Ցանկացած ուժ ձգտում է միանձնյա իշխանության կամ դրա վերարտադրության, այստեղ, անշուշտ, զարմանալի ու անբնական ոչինչ չկա։

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ այսօրվա Հայաստանում իշխանության հավակնորդ որևէ առանցքային քաղաքական ուժ չի կարող քվեների կեսից ավելի ստանալ ու միանձնյա կառավարություն ձևավորել, եթե տեղի ունենան օրինական ընտրություններ։ Այլ խոսքով՝ «50+1»-ն այլևս դառնալու է ընտրությունների կեղծման լակմուսի թուղթ, ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական ուժերից որ մեկի ակտիվում կգրանցվի այդ ցուցանիշը։

Նույնքան ակնհայտ է, որ այսօրվա իրականությունը միանգամայն տարբեր է 2018-ի իրավիճակից։ Պանդեմիան, բայց հատկապես պատերազմը «ջրել» են ոչ միայն հեղափոխության էյֆորիան, այլ նաև դրա օրակարգը, ջրի երես են հանել գործող կառավարության, վարչապետի անկարողությունը, կառավարման տկարությունը, դիլետանտիզմը։

Այս ամենը չի կարող չազդել վարկանիշների վրա։

Եթե անգամ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ընտրական գործընթացի առաջատարներն են, ապա վստահության նրանց ցուցիչը չի ձգում այն կետին, որպեսզի հնարավոր լինի հասնել մոնոլիտ կառավարության ձևավորմանը, հետհեղափոխական էյֆորիկ ստատուս-քվոյի վերականգմանը։ Սա աքսիոմ է, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանն ամենևին էլ չի ընդլայնել հեղափոխության օրակարգի քաղաքական և ինստիտուցիոնալ հիմքերը ու հասարակությանը ներկայանում է նույն լուզեր թիմով, ծեծված կարգախոսներով։

2018-ից մնացել է միայն Փաշինյանի մանիպուլյատիվ հռետորաբանությունը, որին, սակայն, հասարակության մի զգալի մասն այլևս չի հավատում։

Եթե իշխանությունն առաջնորդվի «50+1»-ի խոտոր մտայնությամբ, ապա թաղելու է իր վերջին բրենդը՝ ժողովրդավարությունը, ու այլևս անշրջելի է դարձնելու քաղաքական ճգնաժամը, որը ցավալիորեն հանգուցալուծվելու է ոչ թե տեղամասերում այլ՝ փողոցներում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version