Խեղված Սահմանադրության խոտոր տրամաբանությունը

Վարչապետի պաշտոնում չընտրվելուց մեկ օր անց Նիկոլ Փաշինյանը կրկին վարչապետի թեկնածու է. առաջադրողները բացառապես իշխանական «Իմ քայլի» պատգամավորներն են՝ 75 հոգի։ Երկրորդ ընտրությունը հաջորդ երկուշաբթի կանցկացվի։ Պարզ է, որ այս ֆորմալությունն արվում է, որպեսզի խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրի՝ ճանապարհ բացելով արտահերթ ընտրությունների անցկացման համար։
Սրանով հանդերձ, ակնհայտ են դառնում գործող Սահմանադրության, մեղմ ասած, տարօրինակ կարգավորումները, որոնք հատկապես վերաբերում են խորհրդարանի արձակման և նոր ընտրությունների կազմակերպման ընթացակարգերին։
Ֆորմալությունը՝ ֆորմալություն, բայց աբսուրդ է, երբ վարչապետի թեկնածուն առաջին փուլի ընտրություններում ստանում է մեկ «կողմ» ձայն, բայց մեկ օր անց կրկին թեկնածու է առաջադրվում 75 պատգամավորների կողմից։ Առհասարակ՝ աբսուրդ է, երբ մարդը հրաժարական է տալիս, հետո երկու անգամ փաստորեն արժանանում է խորհրդարանի անվստահությանը, սակայն շարունակում է պաշտոնավարել վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում։
Գործող Սահմանադրության անկատարության համար տեղին չէ մեղադրել Նիկոլ Փաշինյանին, որովհետև սահմանադրական այս կարգավորումները Սերժ Սարգսյանի ու նրա թիմի «արգասիքն» են։ Այս Սահմանադրությունը գրվել է մեկ մարդու համար։
Փաշինյանին այլ բանի համար է պետք մեղադրել․ նա անցած երեք տարիներին հարմար տեղավորվեց Սերժ Սարգսյանի համար կարված «կոստյումի» մեջ ու ոչ մի ջանք չխնայեց սուպերվարչապետական համակարգը չեղարկելու համար։
Այդ հիմա է նա թիրախավորում Սահմանադրության անկատարությունը, սակայն վստահ չենք, որ դա անում է՝ բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Ավելի շուտ՝ Փաշինյանը պարտված պատերազմից հետո փնտրում է թիրախներ, որոնցից մեկն էլ գործող Սահմանադրությունն է։
Անկախ ամեն ինչից, Սահմանադրությունը ու կառավարման գործող համակարգը ենթակա են վերանայման, սակայն դա հնարավոր է անել միայն այն պարագայում, երբ հունիսի 20-ին տեղի ունենան որակյալ ընտրություններ և երկրում վերջապես հաստատվի հանրային համաձայնության և երկխոսության միջավայր։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր