Site icon politcom

Իմիտացիայի տրագիկոմեդիկ ավարտը

Ազգային ժողովը երեկ ձայների 71 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկել փակ նիստում:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանեց՝ թեև հարցը հանրային հետաքրքրություն ունի, բայց փաթեթը, որը կազմվել է աշխատանքների ընթացքում, պարունակում է բազմաթիվ պետական գաղտնիքներ։
Ավելի ազնիվ կլիներ, եթե իշխանությունը հրապարակավ խոստովաներ, որ 44-օրյա պատերազմից հետո ժամանակավրեպ է դարձել Քառօրյա պատերազմի մասին զեկույցը, քան դրա քննարկումը կազմակերպեր փակ ռեժիմով։
Բայց ազնվությունն ու այս իշխանությունը հակոտնյա կատեգորիաներ են և ակնհայտ է, որ գործ ունենք իմիտացիայի տրագիկոմեդիկ ավարտի հետ։
Ի սկզբանե պարզ էր, որ Քառօրյա պատերազմի խորհրդարանական հետաքննության նպատակը ոչ թե դրա հետ կապված խորքային հանգամանքների բացահայտումն էր, այլ Սերժ Սարգսյանին թիրախավորելը։ Այս սցենարն անխափան կաշխատեր, եթե անցած տարեվերջին տեղի չունենար մահաբեր պատերազմը՝ իր ծանր հետևանքներով։
44-օրյա պատերազմից հետո աբսուրդ է Ապրիլյանին անդրադառնալը, առավել ևս՝ «մեղավորներ» նշանակելը, որովհետև դա բումերանգի էֆեկտով հարվածելու է գործող իշխանությանը, նրա հեղինակությանը։ Այլ խոսքով՝ եթե Ապրիլյանի համար պատասխանատու է Սարգսյանը, ապա այս պատերազմի ու պարտության համար պատասխանատու է Փաշինյանը։ Այս պարագայում՝ նույնիսկ պարզ, մեխանիկական զուգահեռները Փաշինյանի օգտին չեն, եթե չասենք, որ «մաքրում» են Սերժ Սարգսյանին։
Ահա, թե ինչու այսօրվա զեկույցը որոշեցին անցկացնել փակ ռեժիմով՝ նսեմացնելով դրա քաղաքական նշանակությունն ու հետևանքները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version