Site icon politcom

Արտահերթ ընտրություն․ ովքե՞ր են նոմինալ ֆավորիտները

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

  1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին:
  2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,– ասված է հրամանագրում:

Այսպիսով՝ բոլոր հոռետեսների կանխատեսումներն ի դերև եղան ու հունիսի 20-ին երկրում տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ։

Այլ խնդիր է, որ լավատեսական չեն կանխատեսումները, թե արդյո՞ք այդ ընտրություններով հնարավոր կլինի հաղթահարել քաղաքական ճգնաժամը, թե՞ հունիսի 20-ին հաջորդելու է նոր՝ ավելի բազմաշերտ ճգնաժամ։

Ընտրական գործընթացն ուղեկցվելու է վարչական, ֆինանսական ռեսուրսների տոտալ գործադրմամբ, «նախկինների» ու «ներկաների» կոշտ հակադրությամբ, ինչը ռիսկեր է ծնում, որ ընտրությունների որակը հետու է լինելու բավարար լինելուց, իսկ դրանց արդյունքները կոնսենսուսային չեն լինելու հասարակության համար՝ ավելի խորացնելով բաժանարար գծերը։

Նիկոլ Փաշինյանի թիմն անցած երեք տարիներին ձախողել է հեղափոխության օրակարգը, սակայն հետամուտ է մեխանիկական վերարտադրության՝ առանց կրեատիվ լուծումների։ Իշխանության պահպանման այս մոլուցքը կարող է նոր ցնցումների պատճառ դառնալ, որովհետև գոնե ակնհայտ է այն իրողությունը, որ այսօր քաղաքական որևէ ուժ ի վիճակի չէ հավակնել «50%+1» քվեների։

Մյուս կողմից, անսքող ռևանշիստական ու անտագոնիստական են երկրորդ ու երրորդ նախագահների շուրջ ձևավորված «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների օրակարգերը։ Սա նույնպես բացարձակ չի նպաստում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը։

Տեսական հարթության վրա «սև-սպիտակի» հակադրությունից դուրս է գործում ֆավորիտներից միայն Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, որն իրապես կարող է հաջողել, եթե հանրությանը ներկայանա քաղաքական ուժեղ թիմով ու քաղաքական նոր բովանդակությամբ։

Ինչևէ, ընտրական գործընթացը նոր է մեկնարկում և ուշադիր հետևենք զարգացումներին՝ սպասելով անակնկալների։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version