Իշխանության ճգնաժամ, որի գինը երկրի ինքնիշխանությունն է

Երեկ Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունները, Հայաստանի պետական սահմանի հանդեպ ոտնձգության անսքող փաստը լրացուցիչ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում իշխանության ճգնաժամ է, եթե նույնիսկ ֆորմալ առումով պետական մարմինները գործում են կամ դրա իմիտացիա են ստեղծում։

Երեկ ուշ երեկոյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստում հաստատեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։ Սա այն դեպքում, երբ ամբողջ օրվա ընթացքում իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները հերքում էին տեղի ունեցածը կամ պնդում էին, որ հանձնվածը «ընդամենը մի հատ դիրք է, ոչ մի առաջ չկա, մի հատ բարձունք է այդտեղ, ընդ որում, չպահպանվող բարձունք էր»:

Ինֆորմացիոն քաղաքականության նման շփոթն ու հակասությունն արդեն խոսում են այն մասին, որ Հայաստանում իշխանության ճգնաժամ է։ Էլ չեմ ասում այն մասին, որ եթե Հայաստանում իշխանություն լիներ՝ բովանդակային, ինստիտուցիոնալ առումներով, հնարավոր չէր դառնա ոտնձգությունը Հայաստանի պետական սահմանի հանդեպ, չէր արձանագրվի հասարակության նկատմամբ ինֆորմացիոն տեռոր՝ շաղախված իշխանության կեղծիքով ու այլ շրջանակների «թեժացումներով»։

Սև լճի ճգնաժամը հաղթահարված չէ ու այսօր էլ Հայաստանի ԱԽ նիստ է տեղի ունենալու, սակայն խնդիրն ունի ևս մեկ բաղադրիչ։

Ըստ էության, տեղի է ունեցել ոտնձգություն ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, ինչը հնարավոր էր միայն այն պարագայում, երբ տեսանելի ճգնաժամ գոյություն ունի հայ-ռուսական հարաբերություններում։ Այդ ճգնաժամը գոյություն ունի, եթե նույնիսկ երեկ տեղի են ունեցել հեռախոսազրույցներ Հայաստանի ՊՆ ու ԱԳ նախարարների ու նրանց ռուսաստանցի գործընկերների միջև։

Գլոբալ հարթության վրա իշխանության ճգնաժամ է, որի գինը երկրի ինքնիշխանությունն է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր