Site icon politcom

Պետական և քաղաքական համակարգերի ճգնաժամի հետևանքը

Սյունիքի, Վարդենիսի ուղղություններում այս պահին ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում։

ՊՆ-ից հայտնել են, որ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեր դիրքորոշումը ադրբեջանական կողմին ներկայացվել է շատ հստակ և կոշտ։ «Ներկայացվել է, որ դա մեր տարածքն է և չենք պատրաստվում որևէ մետր իրենց թողնել, պետք է իրենք հեռանան։ Տարածքները մերն են ու դա չի քննարկվում»,–հայտնել են նախարարությունից։

Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է, առաջին անգամ դիմվել է նաև ՀԱՊԿ, Մոսկվան բազմաշերտ բանակցություններ է վարում Երևանի և Բաքվի հետ։ Այս ամենով հանդերձ՝ Հայաստանն անվերապահ աջակցություն ունի դեռ միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից ու Սյունիքի ճգնաժամն էլ տակավին հաղթահարված չէ։

Հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, սակայն տեղի ունեցածը Հայաստանում իշխանության ճգնաժամի, քաղաքական համակարգի անկյալության հետևանք է։

Պատերազմի պարտությունից ու նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևություններ չի արել և անգամ արտահերթ ընտրություններին մասնակցում է նույն լուզեր թիմով, ծեծված կարգախոսներով, քաղաքական կյանքը դարձյալ պարփակվում է «ներկաների» ու «նախկինների» հակադրության կեղծ որոգայթում։

Պատմության օրինաչափությունն է, որ պարտության հետ ասոցացվող, ծայրահեղ ոչ կոմպետենտ իշխանությունը չի կարող երկրի զարգացման տեսլական ունենալ․ առաջիկա ընտրություններում մեխանիկական վերարտադրության մոլուցքը միայն խորացնելու է ճգնաժամը ու նաև դուռ է բացելու ներքին և արտաքին անվտանգային նոր ռիսկերի համար։

Բայց հայաստանյան ճգնաժամի պատճառը միայն իշխանության ապիկարությունը չէ։ Նոր որակ՝ ինստիտուցիոնալ ու բովանդակային առումներով, չի կարողանում ապահովել նաև բազմաշերտ ընդդիմությունը։ Մեկնարկած ընտրական կամպանիան վկայում է նաև դրա մասին։

Ընտրական գործընթացի մեկնարկը համընկավ Սյունիքի իրադարձությունների հետ։ Դրանք ահազանգ են այն մասին, որ մեր պետական և քաղաքական համակարգերը լուրջ ռեստարտի անհրաժեշտություն ունեն։ Հակառակ պարագայում՝ ոչ մի ընտրություն վիճակը չի փրկելու։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version