Site icon politcom

Մարտի են գնում ծերունիները․ անհաշտ պայքար նախկին նախագահների միջև

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը և Ազգային Անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը նախօրեին ստորագրել են հուշագիր:
Ըստ այդ հուշագրի, ՀՀԿ-ն և «Հայրենիքը» կազմավորել են «Պատիվ ունեմ» դաշինքը՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
Մայիսի 9-ին իր քաղաքական հայտն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ ստեղծելով «Հայաստան» դաշինքը։
Երեկ հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ն, ըստ ամենայնի, մասնակցելու է ընտրություններին՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։
Հայաստանի նախկին երեք նախագահները, որոնք բոլորն էլ հետամուտ են Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացմանը, կարող էին ընդհանուր ցուցակով մասնակցել ընտրություններին, եթե ընդունվեր Առաջին նախագահի առաջարկությունը։
Սակայն դա տեղի չի ունեցել ու հիմա նրանք անհաշտ մրցակիցներ են ոչ միայն Փաշինյանի, այլ նաև՝ միմյանց հանդեպ։
Օրինակ, Տեր-Պետրոսյանը երեկ չթաքցրեց, որ ակտիվ պայքար է ծավալելու Փաշինյանի իշխանության վերարտադրության ու իշխանության Քոչարյանի վերադարձի դեմ, միևնույն ժամանակ, Տեր-Պետորսյանի ելույթից ակնհայտ էր նրա քաղաքական լոյալությունը Սերժ Սարգսյանի հանդեպ։
Ինչքան էլ Քոչարյանի «Հայաստան» ու Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշիքները փոխադարձ բարեկամության հրապարակային ժեստեր անեն, ակնհայտ է, որ երկրորդ ու երրորդ նախագահների թիմերը «նստած» են նույն էլեկտորատի վրա ու ըստ այդմ՝ նրանց միջև անհաշտ մրցակցություն է սպասվում, մանավանդ, որ Ռոբերտ Քոչարյանը հավակնում է «գլխավոր» ընդդիմադիրի կարգավիճակին։
Մարտի են գնում ծերունիները․ անհաշտ պայքար նախկին նախագահների միջև։ Հայաստանին սպասում են նախընտրական ու հետընտրական անհանգիստ շաբաթներ, որոնց ընթացքում երկիրը ստիպված է դիմագրավել ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին մարտահրավերներին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version