Հայաստանի օկուպացիան շարունակվում է․ ճգնաժամ, որը լափում է պետությանը

Երեկ երեկոյան կայծակնային արագությամբ լուր տարածվեց, որ Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն ավարտվել են, նախնական տեղեկություններով ադրբեջանցիները պետք է հետ նահանջեն: Թվում էր՝ Սյունիքի ճգնաժամն այլևս հաղթահարված է։
Սակայն այս լավատեսությունը հաստատող պաշտոնական տեղեկատվություն երեկ երեկոյան այդպես էլ չհրապարակվեց, փոխարենը՝ լրահոսն ու սոցիալական ցանցերը հեղեղվեցին բազմաթիվ դավադրային վարկածներով․ ոմանք պնդում էին, որ թշնամին նահանջել է ընդամենը երկու կիլոմետր՝ փաստացի շարունակելով Հայաստանի օկուպացիան, մյուսները խոսում էին այն մասին, որ Սև լճում դրական տեղաշարժ է գրանցվել, այսպես ասած՝ «Զանգեզուրի միջանցքի» դիմաց։
Նման տեղեկատվական խառնաշփոթը բացատրելի է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պաշտոնական լրատվությունը կամ բացակայում է, կամ էլ՝ շաղախված է մանիպուլյացիայով։
Այսօր առավոտյան պարզվեց, որ երեկ որևէ որակական առաջընթաց չի արձանագրվել ու բանակցությունները շարունակվելու են միայն չորեքշաբթի։
«Ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ»,- ԱԽ նիստում այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանն, ըստ էության՝ հաստատելով, որ Հայաստանի օկուպացիան դեռևս շարունակվում է։
Սա, ըստ էության, խոստովանություն է այսօրվա Հայաստանի տկարության, մեր երկրի սուբեկտության խայտառակ անկման մասին։ Մեր պետականության ճգնաժամն արտահայտվում է համապարփակ՝ սկսած պետական ինստիտուտների անգործունակությունից, վերջացրած՝ անատամ արտաքին քաղաքականությամբ։
«Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու»,- այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով չեզոքացնել տեղեկատվական հոսքերի բացասական ազդեցությունը։
Ամենևին մտադիր չենք կասկածի տակ դնել Փաշինյանի պնդումը, սակայն ողբերգությունն այն է, որ հասարակությունն այլևս չի հավատում իշխանության խոսքին, պաշտոնական լրատվությանը։ Ցավոք, հենց սա է պետության ճգնաժամի ամենացայտուն դրսևորումը, երբ հասարակությունը, քաղաքացին դադարում են հավատալ սեփական իշխանությանը, նրա խոսքին, իրենց օտարված են համարում սեփական երկրից՝ անհաղորդ դառնալով իրական սպառնալիքներին։
Եվ զուր է Փաշինյանը դժգոհում մեդիատեռորից․ դրա հիմքերը դրել է նրա իշխանությունը՝ մանիպուլյացիան ու սուտը «կրոն» դարձնելով 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր