Հայաստանի բարդ երկընտրանքը

Ռուսաստանը պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին՝ սահմանի դեմարկացիայի աշխատանքներում, և կրքերը սրելու կարիք չի տեսնում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Այս հայտարարությունը շատ բնական կհամարվեր ստանդարտ իրավիճակում, եթե Սյունիքում և Գեղարքունիքում արձանագրված չլիեին ադրբեջանական ագրեսիայի փաստերը ու պաշտոնական Երևանը օգնության խնդրանքով դիմած չլիներ ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին։ Բայց հիմա ստացվում է հակասական պատկեր․ մեր ռազմավարական գործընկերն առաջարկում է միայն միջնորդական առաքելություն՝ այն դեպքում, երբ Հայաստանի տարածքային ամբողջականությունը սատարող հայտարարություններ են հնչեցրել Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Իրանը։
Երկար կարող ենք խոսել այս ակնհայտ պարադոքսի պատճառների մասին, սակայն, թերևս, բավարարվենք երկու դիտարկումով։
Միշտ այսպես է ստացվում, երբ պետությունը չի վարում դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն և միակողմանի կախվածության մեջ է հայտնվում մեկ կենտրոնից, եթե նույնիսկ այդ մեկ կենտրոնը բարեկամական վերաբերմունք ունի նրա նկատմամաբ։ Սա քաղաքականության, պատմության աքսիոմն է, որն, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանն այս պահին պետք է արտաքին քաղաքական ռևերս անի, ինչը կբերի աղետալի հետևանքների։
Դրա փոխարեն՝ Հայաստանը պարտավոր է աստիճանաբար, սակայն հետևողականորեն մեծացնել իր արտաքին քաղաքականության մանևրի հնարավորությունները, ստեղծել արտաքին բազմավեկտոր քաղաքականության ինստիտուցիոնալ հիմքեր՝ առանց կասկածի տակ դնելու հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը։
Իհարկե, կարծիք կա, որ Հայաստանը նման անբարենպաստ պայմաններում է հայտնվել նաև գործող իշխանության ակնհայտ ոչ կոմպետենտության հետևանքով։ Այս կարծիքը միանշանակ ճիշտ է, որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ոչ միայն ճգնաժամ հարուցեց հայ-ռուսական հարաբերություններում, այլ նաև որևէ առաջընթաց չգրանցեց Հայաստանի ու ԱՄՆ-ի, Հայաստանի ու ԵՄ-ի, հայ-իրանական հարաբերություններում։
Այս ամենի հանարագումարը բերել է այն տխուր իրականությանը, որ արդեն մեկ շաբաթ մենք հաշտվում ենք հայկական տարածքների օկուպացիայի փաստի հետ՝ բախվելով պետական կառուցների անգործունակության իրողությանը։
Հունիսի 20-ի ընտրություններն ոչինչ չեն փոխելու, եթե դրանց մոտենանք քաղաքական այսօրվա բովանդակությամբ, իշխանության և ընդդիմության ակնհայտ քաղաքական ամլությամբ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր