ՀԱՊԿ «անտարբերությունն» ու Երևանի խիստ զգուշացումը

Դուշանբեում արդեն մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Սյունիքում ստեղծված ճգնաժամը։
Անկեղծ ասած, այս հանդիպումից ակնկալիքները մեծ չեն, որովհետև պաշտոնական Մոսկվայի երեկվա դիրքորոշումն, ըստ էության, կանխորոշում է ռազմա-քաղաքական այս կառուցի վարքագիծը՝ պարզորոշ ցույց տալով, որ Հայաստանը մեծ ակնկալիքներ չպետք է ունենա ՀԱՊԿ-ից։
Երեկ պաշտոնական հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտգործնախարարությունը, որում, մասնավորապես, նշված է, թե Մոսկվան շարունակում է ուշադիր հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված իրավիճակին: Մոսկվան հաստատում է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման անհրաժեշտությունը և ելնում է նրանից, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծել խաղաղ բանակցային ճանապարհով: Որպես երկարաժամկետ լուծում` Մոսկվան տեսնում է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը` դրան հաջորդած սահմանագծմամբ: «Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասի իրադրության հետևողական կարգավորմանը», – ասված է արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ երեկ ասել է, թե Մոսկվան պատրաստ է միջնորդություն ստանձնել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի գործընթացում։
Պարզ է՝ սա ամենևին էլ այն չէ, ինչ Երևանն ակնկալում է ՀԱՊԿ-ից, մանավանդ այս կառույցի որոշ երկրներ անգամ ցուցադրական բարեկամություն են ցուցաբերում Բաքվի հանդեպ։ Երեք Բաքու է ժամանել Բելառուսի պաշտպանության նախարարը՝ երկու երկրների միջև ռազմա-տեխնիկական համագործակցությունը զարգացնելու օրակարգով։
Այս համատեքստում երեկ երեկոյան խիստ ուշագրավ հայտարարություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն։
«․․․Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։ Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հայաստանն առաջին անգամ հայտարարում է ճգնաժամը ուժային եղանակով լուծելու իր պատրաստակամության մասին։ Սա ակնարկ է ոչ միայն Բաքվին, այլ նաև Մոսկվային։
Իհարկե, խնդրի ռազմական լուծումը ցանկալի տարբերակ չէ, սակայն Երևանում, թերևս, ակնարկում են, որ կարող են խնդիրը լուծելու դիվանագիտական այլընտրանքային միջոցների դիմել։ Մյուս կողմից, Հայաստանի այսօրվա իշխանության ոչ կոմպետենտությունը լավատեսության հիմքեր չի ստեղծում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր