Site icon politcom

Փաշինյանի քաղաքական արժեզրկումը

«Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ, ընդ որում, այդ մարդկանց գործունեությունը նոր չի և էդ մարդիկ նախ 2020-ին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա՝ հրապարակային, բաց, էդ մարդիկ վերջերս ԱԺ-ում, ամենատարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել Հայաստանի սահմանը, հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը, որ անում ենք և այն դիվանագիտական արձանագրումները, որ տեղի են ունեցել, ահա դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենա և հերթական անգամ հյուսվում է Հայաստանի կառավարության կողմից գծագրվող դավադրությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»,- կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խնդրի բովանդակությանը կանդրադառնանք այլ առիթով, հիմա նկատենք, որ հերթական անգամ Փաշինյանը շրջանառության մեջ է դնում գործակալների թեման։ Եթե դա աներ որևէ քաղաքական գործիչ, լրագրող կամ փորձագետ, կարելի էր նույնիսկ չարձագանքել, բայց նման սկանդալային հայտարարություն հնչում է երկրի ղեկավարի շուրթերից։

Նման հայտարարություններին հաջորդում են աղմկոտ բացահայտումներն ու ձերբակալությունները։ Եթե դա տեղի չի ունենում, կարելի է անել մի քանի հետևություններ։

Օրինակ, ոմանք կարող են ասել, որ Փաշինյանը դիմում է մանիպուլյացիայի, մանավանդ, որ նման վարքագիծը խորթ չէ այս իշխանություններին։

Կամ կարող ենք ենթադրել, որ պետական համակարգը կորցրել է իր ֆունկցիոնալությունը, այլ խոսքով՝ Փաշինյանն արձակում է հրամաններ, որոնք չեն կատարվում նրա ստորադասների կողմից։

Եվ վերջապես՝ չենք բացառում, որ Հայաստանի քաղաքական ողջ համակարգը սպասարկում է օտար կենտրոնում գծագրված մի սցենար ու քաղաքական յուրաքանչյուր սեգմենտ «սրբորեն» կատարում է իր «պարտականությունը»՝ արտաքին պատրոնին ծառայություն կատարելու համատեքստում։

Որ վարկածն էլ արժանահավատ լինի, առայժմ արձանագրենք, որ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի քաղաքական արժեզրկվում, որը, վաղ թե ուշ, կապիտալիզացվելու է՝ որպես քաղաքական իրողություն։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version