Դրամատիկ օրվա խոստովանությունը․ Փաշինյանն անկեղծ չէ

Նախօրեից հայկական քաղաքական և տեղեկատվական դաշտերում սկանդալ էր հասունանում՝ այն բանից հետո, երբ նախկին դեսպան Միքայել Մինասյանը բացահայտեց, որ Հայաստանի իշխանությունը գնում է հերթական գաղտնի եռակողմ հայտարարության ստորագրմանը։
Կառավարության երեկվա նիստում Փաշինյանն ամենևին էլ չհերքեց փաստը, իհարկե՝ սպասվելիք հայտարարությունը ներկայացնելով իբրև պաշտոնական Երևանի դիվանագիտական հաղթանակ։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերված. «Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածությունները իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին, ոչ թե 99 տոկոսով, այլ 100 տոկոսով: Թուղթը չեմ հրապարակի, որովհետև աշխատանքային թուղթը հրապարակելը կոռեկտ չէ»:
Ինչքանո՞վ է անկեղծ Փաշինյանը։
Կարծում եմ՝ պատասխանը միանշանակ է․ վարչապետնը ոչ միայն անկեղծ չէ, այլ փորձում է մանիպուլացնել իրավիճակը։
Եթե չլիներ Միքայել Մինասյանի նախօրեի գրառումը, հազիվ թե՝ իշխանությունն երեկ բացահայտեր գաղտնի պահվող գործընթացը ու նոր փաստաթղթի ստորագրման հնարավորությունը։ Հերթական անգամ իշխանությունը հասարակության և քաղաքական ուժերի թիկունքում գնում է համաձայնությունների՝ կասկածի տակ դնելով դրանց լեգիտիմությունը։
Սակայն այս պարագայում գործընթացի լեգիտիմությունը վիճահարույց է ավելի բազմաշերտ հարթության վրա։
Նախ՝ ժամանակավոր կառավարության կարգավիճակն ամենևին էլ թույլ չի տալիս գնալ նման կարևոր խնդրի կարգավորման, հատկապես, երբ երկրում ընդամենը մեկ ամիս անց խորհրդարանական ընտրություններ են։ Մյուս կողմից, եթե անգամ եռակողմ փաստաթուղթը համարվում է հայտարարություն, այն, իր բնույթով, միջպետական համաձայնագիր է, որը չի կարող ուժի մեջ մտնել վարչապետի միանձնյա որոշմամբ ու պահանջում է խորհրդարանի վավերացումը։
Սակայն սա խնդրի, այսպես ասած, ընթացակարգային մասն է։
Դելիմիտացիան ու դեմարկացիան ավելի խորքային խնդիրեր են առաջացնում, ինչը, մեղմ ասած, կասկածի տակ է դնում Փաշինյանի այն պնդումը, թե այն «համապատասխանում է ՀՀ շահերին, ոչ թե 99 տոկոսով, այլ 100 տոկոսով»։
Դելիմիտացիայի ու դեմարկացիայի գաղափարը գեներացվեց Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունից հետո, ինչից բխում է, որ այդ օրակարգը Երևանին փաստացի պարտադրվել է, մանավանդ, որ ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժման հետևանքները վերացված չեն։ Այլ խոսքով՝ Երևանը շանտաժի ազդեցության տակ է գնում եռակողմ նոր հայտարարության ստորագրմանը։
Պատահական չէ, որ Փաշինյանը երեկվա խորհրդարանական քննարկումների ժամանակ այդպես էլ չհերքեց, թե առաջիկայում Հայաստանը կարող է ունենալ տարածքային նոր կորուստներ։
«Կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ Զինված ուժերի վերահսկողության տակ»․ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Դեռևս 1990-ականներից կան մարտական դիրքեր, որոնք գտնվում են ՀՀ տարածքում։ Հիմա, ի վերջո, պետք է հասկանանք` ինչ ենք անում։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան նշանակում է`փակել այդ թեման»,-ասել է Փաշինյանը։
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան՝ մինչև ԼՂ խնդրի կարգավորումը, ռիսկեր է ծնում նաև Արցախի համար՝ առնվազն բարդացնելով կարգավորման միջազգայնացումը, այլ խոսքով՝ գործընթացի վերադարձը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափ։
Երեկ Ադրբեջանի նախագահը հաստատել է մեր մտավախությունները։ «Մենք պատրաստ ենք հրապարակավ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և Հայաստանն, իհարկե, պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նրա միջազգային սահմաններով: Ինչպես գիտեք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է: Այդպես եղել է օկուպացիայի ժամանակ և այդպես է հիմա և միշտ այդպես կլինի: Այդ այն հարցը չէ, որը պետք է քննարկվի»,- ասել է Իլհամ Ալիևը՝ ավելի հաստատուն դարձնելով այն մտավախությունը, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի օրակարգը Հայաստանին, ըստ էության, պարտադրվում է։
Եվ վերջապես՝ Ադրբեջանը ոչ միայն չի կատարել 2020թ-ի նոյեմբերի 9-ի ու 2021թ-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների առանցքայի կետերը, այլ նաև հանդգնել է օկուպացնել Հայաստանի որոշ տարածքներ։ Այս համատեքստում անիմաստ է նոր համաձայնությունների հանգել այս երկրի հետ։
Այս հարցերն էին, որ երեկ «լղոզվեցին» Փաշինյանի կողմից։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր