Site icon politcom

Ընտրական մարաթոն՝ հին բարքերի վերականգնման վտանգով

Հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։
Ընտրական գործընթացի մասնակիցների նման առատությունը որևէ բանական բացատրություն չունի, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախորդ երկու ընտրություններին մասնակցել են համապատասխանաբար 9 և 11 կուսակցություններ կամ դրանց դաշինքներ։
Այսօր էլ անցողիկության շեմը հաղթահարելու շանս ունեն 4-6 կուսակցություններ ու դաշինքներ և այս համատեքստում ընտրական գործընթացի մասնակիցների նման առատությունը, բնականաբար, ունի ոչ միայն քաղաքական մոտիվներ։
Սակայն հիմնական խնդիրը ոչ թե ընտրական գործընթացի մասնակիցների առատությունն է, այլ հին բարքերի, մերժված երևույթների վերակենդանացման վտանգը։
Այսօր ունենք մի իշխանություն, որը ձախողվել է բոլոր ոլորտներում, սակայն ունի վերարտադրվելու անհագ, հիվանդագին մոլուցք, այդ թվում՝ օտար օրակարգեր սպասարկելու գնով։
Ընդդիմադիր դաշտը մոնոպոլացվել է հին համակարգի հետ ասոցացվող ուժերի կողմից, որոնք ահռելի ֆինանսական, մեդիա ռեսուրսների միջոցով «խաղից դուրս» են թողում դեմոկրատական ուղղվածություն ունեցող նորաստեղծ ու հին կուսակցություններին։
Իհարկե, վերջիններս էլ ունեն պատասխանատվության իրենց բաժինը․ նրանք չկարողացան ընտրական փուլում ձևավորել դեմոկրատական լայն կոնսոլիդացիա, որն ունակ կլիներ հասարակությանը վերադարձնել բովանդակային ընտրության հնարավորությունը՝ ժողովրդին թողելով պատանդ «ներկայի» ու «նախկինի» գզվռտոցում։
Եվ վերջապես՝ խոշոր կապիտալը պարզապես «գրոհել» է ընտրացուցակները, ինչն էլ, իր հերթին, բերելու է կրիմինալի ակտիվացմանը։
Այս ամենի հանրագումարում ցավով արձանագրում ենք, որ հունիսի 20-ի ընտրություններն ավելի են խորացնելու հայաստանյան ճգնաժամը՝ դրա հանգուցալուծումը դարձնելով անկանխատեսելի։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version