Site icon politcom

Նիկոլ, հեռացիր, որ երկիրն ապրի

Այլևս համբերելու ռեսուրս չկա։
Երբ երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից «համարձակ տղու» դերի մեջ էր մտել՝ «շուստրիական» մանևրներով հարձակվելով ռուսների ու ՀԱՊԿ-ի վրա, պարզ էր, որ իշխանության վերարտադրության մոլուցքով տառապող այս մարդը վաբանկ է գնում՝ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքի, մեր զինվորների կյանքերի ու մեր ապրումների հաշվին։
Անպատասխանատու «քաջնազարության» հետևանքներն անցած գիշեր ակնհայտ դարձան․ գերեվարվել են մեր զինվորները՝ մեր հողի վրա, մեր սուվերեն տարածքում, որը Նիկոլի թեթև ձեռքով, հայկական դիվանագիտության ամլության հետևանքով դարձել է ադրբեջանական բանակի «տուրիստական» գոտի։
Արդեն զզվելի է, երբ Նիկոլը հերթական անգամ բարձրանում է ամբիոն ու բոլորին «նշանակում» է մեղավոր՝ բացի իրենից, իր դիվանագիտական «բոբիկությունից», չեղած թիմից։
Ներսում «մեղավորների» ցանկն արդեն սպառվել է՝ չնայած «նախկին հանցավոր» Տիգրան Մեծը դեռևս անարգանքի սյունին չի գամվել ու «Դուխովն» անցել է ՀԱՊԿ-ին «փչացնելուն»։
Ռուսական քաղաքականության բնույթը ու ՀԱՊԿ բուտաֆորիկ բնույթը բոլորս էլ գիտենք, բայց վարչապետը վերլուծաբան կամ փորձագետ չէ, որ խորհրդարանական ամբիոնը դարձնի իր դիլետանտ մտավարժանքների հարթակ՝ վերջնականապես սպանելով ռեալ պոլիտիկը, թեթևսոլիկի անլրջությամբ իրար հակադրելով ՀԱՊԿ-ն ու ՄԱԿ ԱԽ-ն։
Թիմից մեկը չգտնվեց, որ բերանը փակի, ասի՝ եղբայր, հերիք է «ղումար» խաղաս երկրի անկախության ու տարածքային ամբողջականության վրա, զինվորների կյանքերի ու մատղաշ երեխաների երջանկության հաշվին։
Հորդորների, խնդրանքների, առաջարկությունների պատուհանը փակվել է ու հիմա ընդամենը մեկ բան կասեմ՝ Նիկոլ, հեռացիր, որ երկիրն ապրի․․․

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version