Site icon politcom

Ի՞նչ է ակնարկում Ալիևը

Վերջին շրջանում հայկական կողմն առավել ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպման ժամանակ։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք աշխատում ենք նոր՝ Զանգեզուրյան միջանցքի վրա, որի անվանումն արդեն ամրագրվել է միջազգային հարթության մեջ։ Այն կապահովի նոր կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև», – ասել է Իլհամ Ալիևը։
Չհստակեցնելով՝ կոնկրետ ինչ նախագծի մասին է խոսքը, և միջազգային որ հարթությունում է այն ամրագրվել, Ադրբեջանի առաջնորդը պնդել է, պատերազմից հետո՝ առաջին փուլում, Հայաստանը դեմ է եղել այդ հարցին։
«Սակայն վերջին ժամանակներս ես տեղեկություններ եմ ստանում, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը», – ասել է Ալիևը, հավելելով՝ այդ հարցը քննարկվում է եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի միջև, և որ արդեն կան լավ արդյունքներ։
Թե կոնկրետ ինչպիսի՝ Ալիևը չի հստակեցրել, բայց մանրամասնել է՝ Ադրբեջանը արդեն իսկ սկսել է Հորադիզից մինչև Հայաստանի սահման երկաթգծի կառուցումը։ «Վստահ եմ, որ առաջիկա երկու, գուցե՝ երկուսուկես տարվա ընթացքում այդ երկաթգիծը շահագործման կհանձնվի», – ասել է նա։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քանիցս ասել է, թե «միջանցքի հարց բանակցություններում չկա և չի լինելու»։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version