Վտանգավոր կոնսենսուս Նիկոլ Փաշինյանի շուրջ

Արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն իր հրաժարականի դիմումից 4 օր անց ազատվեց պաշտոնից։ Վարչապետի առաջարկությունը ստանալուց հետո նախագահը երեկ ստորագրել է հրամանագիրը։

Արա Այվազյանը երեկ հայտարարել է՝ ԱԳՆ-ն պետք է անշեղորեն պաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, պետական ու ազգային շահերը, և իր հրաժարականն, ըստ էության, կապել է դրա հետ։

«Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահերի դեմ են եղել։ Դիվանագետն ընկալվում է որպես հարմարվող, համակերպվող, սուր անկյունները խուսափող անձ», – ասել է նա:

Այվազյանն, ըստ էության, սկանդալային հայտարարություններ է արել, ինչին հետևել է քաղաքական իշխանության ներկայացուցիչների ուղղակի և անուղղակի արձագանքը։

Պետական և ազգային շահը պարտադրում է, որ Այվազյանը հրապարակային պարզաբանի այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է երկրի պետական և ազգային շահին, արձագանքել է վարչապետի խոսնակը:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ այսօր հայտարարել է, թե օրակարգում «Զանգեզուրի միջանցքի» կամ անկլավների վերադարձի հարց չկա։

Այնուամենայնիվ, Արա Այվազյանը ակնարկում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հերթական արտաքին քաղաքական համաձայնագիրը, որը չի բխում Հայաստանի ազգային, պետական շահերից։

Արդյո՞ք Այվազյանը հեռանում է, որովհետև Փաշինյանը պարտավորվել է ստորագրել հերթական եռակողմ հայտարարությունը կամ համաձայնագիրը, որն, ըստ էության, դարձյալ ֆորմալիզացնում է տարածաշրջանում ռուս-թուրքական համաձայնությունների վրա հիմնված աշխարհակարգը։ Եվ արդյո՞ք Փաշինյանի ինքնավստահությունը՝ ՔՊ-ի 60% ստանալու մասին, սնուցվում է ոչ թե հանրային վստահությունից, այլ արտաքին օրակարգ սպասարկելու նրա «ջանասիրությունից»։

Մեր մտավախությունները լեգիտիմ են ու գրեթե վստահ ենք, որ Փաշինյանի իշխանության վերարտադրության շուրջ ձևավորվում է արտաքին քաղաքական կոնսենսուս, իհարկե՝ Հայաստանի, նրա շահերի հաշվին։

Առանձնապես լավատես չենք նաև Փաշինյանի՝ Փարիզ ու Բրյուսել կատարելիք այցերի հարցում։

Վստահաբար՝ սա ամենևին էլ չի խոսում Հայաստանի սուբեկտային արտաքին քաղաքականության կամ դրա դիվերսիֆիկացիայի մասին ու ավելի շուտ նման է «բոնուսի», որը Մակրոնը տալիս է Փաշինյանին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ։

Մյուս կողմից, Փաշինյանն «եվրոպական գծի» վրա է դրվել ակնհայտորեն Մոսկվայի կողմից, որը, սակայն ծառայեցվելու է ոչ թե հայկական շահերին, այլ դառնալու է մի գործիք, որով Պուտինն իրականացնելու է՝ Ադրբեջանին Ռուսաստանին մերձեցնելու քաղաքականությունը։

Այս ճշմարտությունները Փաշինյանը, հազիվ թե, հասկանա, մանավանդ, որ նրա շրջապատում բարձրակարգ դիվանագետներ չկան, իսկ ԱԳՆ-ից կադրային արտահոսք է կամ այս գերատեսչությունը պարապուրդի մեջ է՝ խորհրդանշելով դիվանագիտական այն ճգնաժամը, որում հայտնվել է Հայաստանը։

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր