Գովազդված այցից կմնա միայն Փաշինյանի PR-ը

Նիկոլ Փաշինյանի եվրոպական այցի գլխավոր հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ էր:
Մակրոնը երեկ, մասնավորապես, նշել է, որ Հայաստանն այս պահին ճգնաժամային իրավիճակում է գտնվում, ՀՀ-ի համար դժվարին փուլում է կայանում Փաշինյանի այցը: Միաժամանակ շեշտել է` Ֆրանսիան պատրաստ է աջակցել և առաջին հերթին ռազմագերիների և այլ ձերբակալվածների վերադարձի հարցում, ինչպես նաև ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշվի մինչև մայիսի 11-ի ելման դիրքեր, և որ սահմանագծման գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:
Սա Մակրոնի դիրքորոշումն է, ինչի համար, անշուշտ, անկեղծորեն շնորհակալ ենք պաշտոնական Փարիզից, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդից։
Սակայն Մակրոնի հստակ դիրքորոշման մասին տեղյակ էինք՝ առանց Փաշինյանի այցի, իսկ այն գործնականում՝ ռեալ պոլիտիկի հարթության վրա, նոր բան չի տալու։
Եթե անգամ Ֆրանսիան կոնկրետ նախաձեռնություններ ունենա, ապա դրանց կյանքի կոչման հնարավորությունները խիստ սահմանափակ են․ տարածաշրջանային իրողություններն առաջնային ու վճռորոշ են դարձնում ռուսական գործոնը ու բացի այդ՝ Փաշինյանի իշխանությունը որևէ պարագայում սանտիմետր անգամ չի շեղվելու ռուսական «գծից» ու ըստ ամենայնի՝ հենց այս տրամաբանության շրջանակներում էլ տեղի է ունենում Հայաստանի փաստացի վարչապետի այցը։
Դժվար չէ ենթադրել, որ այս այցը արտաքին քաղաքական կոնկրետ արդյունքներ ունենալ չի կարող՝ հենց միայն այն պատճառով, որ անգամ Փաշինյանի եվրոպական խոսակիցները հստակ գիտեն, որ մոտ քսան օր հետո Հայաստանում ընտրություններ են ու որևէ պայմանավորվածություն Փաշինյանի հետ խիստ հարաբերական է՝ դրա կատարման իմաստով։
Ուրեմն, Փաշինյանի այս այցի հիմնական ուղերձն այլ տեղ պետք է փնտրել։ Նա, ըստ էության, Մակրոնի դեմքով արտաքին քաղաքական աջակցություն է ստանում արտաքին կենտրոններից՝ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ։ Խոսքն, ըստ ամենայի, Փաշինյանի իշխանության վերարտադրության շուրջ արտաքին քաղաքական կոնսենսուսի մասին է։
Կոնսենսուս, որը Փաշինյանին գուցե հնարավորություն տա պահպանել իշխանությունը, ինչը, սակայն, կարող է տեղի ունենալ Հայաստանի կենսական շահերի հաշվին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր