«Անծանոթները» և «ծանոթ խոպանչիները»

«Անծանոթները» և «ծանոթ խոպանչիները»

Այսօրվանից անդրադառնալու ենք ընտրական գործընթացի մասնակիցներին՝ դրանց դասակարգելով մի քանի խմբերի։ Մեր խնդիրն է՝ հնարավորինս օբյեկտիվ ներկայացնել կուսակցություններին, դաշինքներին, նրանց քարոզարշավը, հիմնական ուղերձները՝ հետևությունները թողելով մեր ընթերցողներին։

«Անծանոթները»

Չգիտենք՝ ինչ գաղափարական, քաղաքական այցեքարտ ունեն «Միասնական հայրենիք», «Համահայկական ազգային պետականություն», «Վերելք» կուսակցությունները, սակայն նրանց բոլորին միավորում է մի ընդհանուր հատկանիշ՝ հասարակության գերակշիռ մեծամասնությունը չի ճանաչում այս կուսակցություններին, նրանց ցուցակներում ընդգրկված մարդիկ չունեն հասարակական ճանաչելիություն։
Թերևս, մի փոքր բացառություն է «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Արթուր Վարդանյանը, որի մասին հասարակության ինչ-որ խմբեր՝ եթե նույնիսկ հիշում են, ապա միայն այն դրվագով, որ նա եղել է Նորք Մարաշի զինված խմբի ղեկավարը։
«Միասնական հայրենիք», «Համահայկական ազգային պետականություն», «Վերելք» կուսակցությունները զրո հանրային ճանաչելիությամբ մտնում են ընտրական այս գործընթաց ու վստահաբար՝ հունիսի 20-ից հետո մոռացվելու են հասարակության կողմից՝ ինչպես 0-ից չտարբերվող վարկանիշ ունեցող շատ կուսակցություններ։

«Ծանոթ խոպանչիները»

Խորհրդարանական այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ դրան մասնակցում են բիզնեսի շատ ներկայացուցիչներ։ Նրանցից այսօր կառանձնացնենք երկուսին, որոնց համար Հայաստանը շատ հաճախ նույնացվել է «խոպանի» հետ։
Տիգրան Ուրիխանյանը՝ իր «Ալյանս» կուսակցությունով, համոզված ենք՝ շատ ավելի մեծ հնարավորություններ ուներ հաջողելու ԱԺ արտահերթ ընտրություններում, քան այս դեպքում, երբ նա համաձայնության է եկել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ ու ժողովրդին ներկայանում է վերջինս «Մեր տունը Հայաստանն» է անհայտ բրենդով։ Սա առաջին դեպքը չէ, երբ Արա Աբրահամյանը փորձում է մուտք գործել հայաստանյան քաղաքականություն, սակայն՝ անհաջող։ Այս դեպքը բացառություն չի լինելու, եթե նույնիսկ «Մեր տունը Հայաստանն» է համամասնական ցուցակի առաջին երկու համարներում ակտիվ մարդիկ են՝ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և սահմանադրագետ Վարդան Այվազյանը։
ՀԴԿ համամասնական ցուցակում ոչ այդ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն է հիշվելու, ոչ էլ՝ ՍԴՀԿ ղեկավարը, որոնք համապասխանաբար 2-րդ և 4-րդ հորիզոնականներում են։ Նրանք մնալու են ցուցակի «հմայքի»՝ էպատաժային գործարար Տիգրան Արզաքանցյանի ու նրա կնոջ Նատալյա Ռոտենբերգի ստվերում։ Նատալյան Պուտինի միլիարդատեր ընկերոջ՝ Արկադի Ռոտենբերգի նախկին կինն է ու ասում են՝ հենց նա է ֆինանսավորում Արզաքանցյանի կամպանիան, որը կնոջը համոզել է, թե կարող է վարչապետ դառնալ։
Տիգրան Արզաքանցյանն, իհարկե, վարչապետ չի դառնա, սակայն իր մարտնչող տգիտությամբ, դառնալու է այս քարոզարշավի ուրախությունը ու երգիծական մեմերի հերոսը։

նման նյութեր