Քարոզչության 1-ին օր․ Թավիշը տապալածի «պողպատե» մանդատը կամ քաղաքացիական պատերազմի անոնս

Քարոզչության 1-ին օր․ Թավիշը տապալածի «պողպատե» մանդատը կամ քաղաքացիական պատերազմի անոնս

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր մասնակցել է ՀԱԿ ծրագրի շնորհանդեսին ու կանխատեսել է, որ հունիսի 20-ի ընտրություններն ամենախայտառակն են լինելու Հայաստանի պատմության մեջ։
Տեր-Պետրոսյանը, հավանաբար, չի սխալվում, եթե կարճ ամփոփենք քարոզարշավի առաջին օրը։
Ոստիկանությունն անհամաչափ ուժի գործադրմամբ բերման է ենթարկել քաղաքացու, որը Էջմիածնում հանդգնել է Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանել։
Ընտրական գործընթացի հիմնական դերակատարները միմյանց պարզապես չեն խնայել։
Օրինակ, Սյունիք այցելած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանին անվանել է «հողատու», «Ստի թագավորության» հիմնադիր։ «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդներ Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը ներկայացրել են իրենց նախընտրական ծրագիրը՝ ընթացս «դավաճան կապիտուլյանտ» ու «պետականակործան պատուհաս» որակելով Փաշինյանին։
Բայց ոչ նորմատիվ բառապաշարի ռեկորդակիրը շարունակում է մնալ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր թիմակիցների հետ այսօր Արմավիրի մարզում էր։
Նա հավաքվածներին հորդորել է «թավիշը» փոխարինել «պողպատե» մանդատով, որպեսզի «ոմանք փտեն ՔԿՀ-ներում», իր ընդդիմախոսներին անվանել է «500 դրամանոց քյաբաբ ուտողներ», նրանց նույնացրել է ոճրագործ Նաիրի Հունանյանի հետ և այլն։
Նման որակի ընտրական գործընթացով դժվար է ակնկալել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծում։

Փաշինյանի վտանգավոր ակնարկը

Սակայն ամենավտանգավորն այն է, որ Արմավիրի մարզում տեղի ունեցած գրեթե բոլոր հանդիպումներում Փաշինյանն, ըստ էության, գեներացրել է քաղաքացիական պատերազմի թեզը՝ դրա կանխման, ըստ էության, միակ միջոց համարելով այն, որ իր ղեկավարած ՔՊ-ն ստանա քվեների 60%-ը։
Ավելորդ է ասել, որ իշխանության վերարտադրության նման հիվանդագին մոլուցքը հղի է անկանխատեսելի հետևանքներով, եթե չասենք՝ քաղաքացիական պատերազմի անոնս է։
Բանն այն է, որ սոցիոլոգիական բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ընտրությունների արդյունքներով ընտրապայքարի ֆավորիտներից որևէ մեկը չի կարող հավակնել կայուն մեծամասնության։ Այս համատեքստում Փաշինյանի արկածախնդիր մաքսիմալիզմը կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների, մանավանդ, որ նրա հիմնական մրցակիցը՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը նույնպես վստահ է իր հաղթանակի հարցում։
Ի դեպ, այսօր Փաշինյանն ու Քոչարյանը իրենց բազմամարդ հանդիպումներն անցկացնում էին երկու ձևաչափերով էլ՝ մեծ հանրահավաքներ ու դահլիճային հանդիպումներ։ Եթե երկրորդ նախագահն իրեն ինքնավստահ էր զգում դահլիճում, ապա օխլոսի առաջնորդը շարունակում է մնալ Փաշինյանը՝ չնայած, որ ընտրական գործընթացի երկու ֆավորիտների մոտ ակնհայտորեն զգացվում է հակվածությունը դեպի ավտորիտար մշակույթն ու կառավարումը։

Տպավորիչ հանրահավաքից՝ մինչև միստիկա

Քարոզարշավի առաջին օրվա ամենաբազմամարդ հանրահավաքն անցկացրել են ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Աբովյան քաղաքում։
«Լուսավոր Հայաստանն» առաջին օրվա քարոզարշավը երկու ճակատով է անցկացրել՝ Էդմոն Մարուքյանը շրջել է Երևանում, իսկ նրա կողմնակիցներից ոմանք հանդիպումներ են ունեցել Սյունիքի մարզում։
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի առաջնորդներն իրենց քարոզչական մեկնարկը տվել են Հանրապետության հրապարակից՝ թեև քաղաքական այս համախմբման իրական հնարավորությունները չեն բավականացնում ներկայություն ապահովել նույնիսկ ԱԺ-ում, էլ ու մնաց՝ Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում։
Սակայն ավելի միստիկ է եղել «5165 շարժման» ստարտը։
Կուսակցության ղեկավարները քարոզչության մեկնարկը տվել են Աղձքից, որտեղ գտնվում է Արշակունի արքաների դամբարանը։

նման նյութեր