Ոչ պետական վիճակ

Ոչ պետական վիճակ

Պետության սուբեկտության ոչնչացման ինդիկատոր է այն ողբերգական իրավիճակը, որը ստեղծվել է ԱԳՆ-ում։ Նախարարից հետո հրաժարական են տվել նրա բոլոր տեղակալներն՝ անուղղակիորեն ապացուցելով, որ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը հակոտնյա է պետական շահերին։
Իհարկե, այստեղ խնդիրն ավելի խորքային է, քան արտաքին կոնկրետ նախաձեռնության շուրջ դիվանագիտական կորպուսի ու Փաշինյանի հակասությունները։ Եթե դրանք վերաբերեին առանձին վերցրած մեկ հարցի, նախաձեռնության, ապա հրաժարականների նման շարք չէինք տեսնի ու, թերևս, հնարավոր կլիներ փոխնախարարներից գոնե մեկի միջոցով ապահովել ԱԳՆ ֆունկցիոնալությունը։
ԱԳՆ-ն չի ուզում աշխատել մի մարդու հետ, որը մտածողությամբ համակարգային չէ, որոշումները կայացնում է պահի ազդեցությամբ՝ առանց մասնագիտական խորհուրդների ու հիմնավորումների։
Նիկոլ Փաշինյանի քաոտիկ վարքագիծը, էպատաժային բնավորությունը հակոտնյա են պետական պաշտոնյայի որակներին, այն ամենին, ինչն առնչություն ունի պետության, պետական կառավարման հետ։
Ամիսներ առաջ նման վարքագիծն անհանդուրժելի դարձավ բանակի բարձրագույն սպայակույտի, այսօր՝ դիվանագիտական կորպուսի հետ։ Երկու դեպքում էլ գործ ունենք պետական ինստիտուտների հետ, որոնց գործունեությունն ուղղակիորեն կապված է երկրի անվտանգության հետ։
Չի կարող մեկ մարդ անսխալական լինել, մյուսները՝ մեղավոր, չեն կարող նույնիսկ երկրի թիվ մեկ պաշտոնյայի քմահաճույքին ստորադասվել մի ամբողջ պետական համակարգ, պետություն։
Հայաստանում պետությունը բովանդակային հարթության վրա մահանում է, որովհետև բոլորը և ամեն ինչ դարձել են պետական մտածողությունից հեռու մեկի քմահաճույքի պատանդը, ոչ պետական վիճակը ստատիկ է դարձել Հայաստանի համար։

նման նյութեր