Քարոզչության երկրորդ օրը․ վարչապետացուների թիվը պակասեց

Քարոզարշավի երկրորդ օրը բացվեց կուսակցություններից մեկի ինքնաբացարկով։

«Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դադարեցում է քարոզարշավը, կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ հայտարարել է Խաչիկ Ասրյանը:

Նա նշել է, որ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է արտահերթ ընտրությունները չեղարկել։

Ասրյանը քարոզարշավի դադարեցումը պարզաբանել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգով։

Ասրյանի մոտիվացիան միանգամայն հիմնավորված է, մանավանդ, որ ժամեր առաջ հայտնի դարձավ հայ զինվորի գերեվարության հերթական փաստի մասին։

Մյուս կողմից, Հայաստանի տարածքների օկուպացիայի մասին հայտնի էր դեռ օրեր առաջ ու հազիվ թե՝ Ասրյանի որոշման հիմքում միայն այդ գործոնն է։

Հայաստանում երբեք նման աղմկոտ, ֆինանսական, վարչական, օլիգարխիկ ռեսուրսներով ծանրաբեռնված ընտրական գործընթաց չի եղել ու այս համատեքստում միանգամայն անբնական էր, որ դրան մասնակցելու հայտ էր ներկայացրել 26 քաղաքական ուժ։

Օբյեկտիվ լինենք՝ այս պահին ԱԺ անցողիկության շեմը հաղթահարելու երաշխավորված հնարավորություն ունեն միայն չորս քաղաքական ուժեր՝ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն և «Պատիվ» ունեմ» դաշինքը։

Մեր կարծիքով՝ ևս երկու քաղաքական ուժեր՝ «Լուսավոր Հայաստան» և ՀԱԿ կուսակցությունները կարող են հաջողել, եթե արդյունավետ ընտրապայքար իրականացնեն։

Քաղաքական որոշակի ազդեցիկություն ունեն «Հանրապետություն», Ազգային-ժողովրդավարական բևեռ կուսակցությունները և «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը, սակայն նրանց հաջողության հնարավորությունները կարելի է  դիտարկել միայն տեսական հարթության վրա։

Ստացվում է, որ մյուս՝ շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերն ընտրություններին մասնակցում են ձայներ փոշիացնելու «առաքելությամբ» և, կամա թե ակամա, սպասարկում են մեծ խաղացողներից մեկի շահերը, եթե նույնիսկ միանգամայն անկեղծ են իրենց մղումներում և ընտրական գործընթացին մասնակցում են ինքնաբավ որոշման արդյունքում։

Քաղաքական բանականությունը հուշում է, որ մինչև օրենքով սահմանված վերջնաժամկետը՝ հունիսի 10-ը, ընտրական կամպանիան կարող են թողել այլ քաղաքական ուժեր ևս՝ թեև այս հարցում անշնորհակալ է կանխատեսումներ անելը։

 

«Տղա բերելու» մշակույթը

 

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Փարիզ և Բրյուսել։

Նախագահ Մակրոնի հետ հանդիպումը Հայաստանին առանձնապես ոչինչ չտվեց, սակայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները այդ փաստն օգտագործեցին նախընտրական PR նպատակով։

Նույն տրամաբանությամբ են գործում նաև ընդդիմադիր ուժերը։

Ռոբերտ Քոչարյանի ճամբարում այսօր որոշել են «թարմացնել» նրա ու Պուտինի մայիս ամսվա հեռախոսազրույցի լուրը, իսկ Արթուր Վանեցյանի թիմը տիրաժավորել է նրա մեկօրյա այցը արտերկիր՝ խորհրդավոր ակնարկներով։

Երբ երկրի սուբեկտությունը ոչնչացված է, ընտրություններում, դժբախտաբար, ավելի որոշիչ են ոչ թե հանրային տրամադրությունները, այլ «դրսի դաբրոները»։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր