Site icon politcom

Քարոզչության երրորդ օր․ Սերժ Սարգսյանի չստացված կոմպրոմատը

Դժվար է կենտրոնանալ տարբեր քաղաքական ուժերի ծրագրերի, գաղափարների վրա, երբ ընտրական գործընթացում գերիշխում է աղմուկը, հիմնական դերակատարների՝ միմյանց ոչնչացնելու գայթակղությունը։
Երեկ երեկոյան այլևս թվում էր, թե իրավիճակը դուրս է գալու վերահսկողությունից, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը, Փաշինյանն ու Քոչարյանի թիմը միմյանց անվանարկեցին ոչ նորմատիվ բառապաշարով։
Սակայն այսօրվա քարոզարշավը համեմատաբար հանգիստ էր, էսկալացիան ավելի քիչ էր։ Թերևս, բոլորը սպասում էին Սերժ Սարգսյանի բացահայտումներին։ Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ ժամանակ էր տվել՝ ապացուցելու պնդումը, թե ինքը բանակի գումարները տանուլ է տվել կազինոներում, հակառակ պարագայում՝ խոստացել էր նյութեր հրապարակել գործող վարչապետի ու նրա ընտանիքի վերաբերյալ։
Մինչ այդ նկատենք, որ այսօր Փաշինյանի առաջին կանգառը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում էր։ Այստեղ Փաշինյանը վերահաստատել է իր երեկվա հայտարարությունը, որ պատրաստ է իր որդուն փոխանակել գերեվարվածների հետ՝ նշելով, թե այսօր պաշտոնապես այդ հարցով դիմելու է Բաքվին։
Այս առիթով նկատենք, որ Փաշինյանը «Սամվելի» անհաջող ու գռեհիկ մոդիֆիկացիա է իմիտացնում` խաղալով ժողովրդի հույզերի վրա։ Իշխանությունները ռազմագերիների հարցը պարտավոր են լուծել՝ առանց էժանագին տեսարաններ բեմականացնելու։
Ինչևէ, այսօր Փաշինյանը Սերժ Սարգսյանի խաղամոլության, թալանի մասին որևէ նոր բան չասաց, փաստեր չներկայացրեց ու բոլորը սպասում էին երրորդ նախագահի սենսացիոն բացահայտումներին։
Սարգսյանը իր նշանակած վերջնաժամկետի ավարտին գտնվում էր Գեղարքունիքի մարզում։ Այստեղ էլ նա մի ձայնագրություն է հրապարակել, որում Նիկոլ Փաշինյանը ենթադրաբար 2018-ին մի զրույցի ընթացքում խոստովանում է, որ իրեն գժի տեղ է դրել Պուտինի, Լուկաշենկոյի, Նազարբաևի մոտ և տապալել է Արցախի հարցի լուծման լավրովյան պլանը։
Անկեղծ ասած, Սարգսյանի խոստացած «սենսացիան» ամենևին էլ չաշխատեց, որովհետև այստեղ Փաշինյանին վարկաբեկող որևէ փաստ գոյություն չուներ, եթե հաշվի չառնենք այն այլևս ակնհայտ պրիմիտիվ պատկերացումները, որ գործող վարչապետն ունի արտաքին քաղաքականության, այդ թվում՝ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մասին։ Այլ խոսքով՝ Սարգսյանը «բացահայտեց» այն, ինչը շատերը գիտեն։
Այս ձայնագրության հրապարակումը վստահաբար չի հարվածելու Փաշինյանի հեղինակությանը, եթե չասենք, որ ավելի ագրեսիվ է դարձնելու նրա քարոզչությունը։
Առհասարակ՝ այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի համար այնքան էլ հաջող օր չէր՝ իմիջային առումով։
Պարզվեց, որ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը մեկ օրով Մոսկվա է մեկնել, որպեսզի հյուրընկալվի Վլադիմիր Սոլովյովի Соловьёв Live հաղորդմանը՝ «Крым наш» արտահայտությունը հնչեցնելու նպատակով։
«Крым наш»՝ «Ղրիմը մերն» է արտահայտությունը հաճախ կիրառում են Ռուսաստանում, հատկապես Կրեմլին աջակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հանրային գործիչներն ու լրագրողները՝ նման կերպ իրենց աջակցությունը հայտնելով 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի նկատմամբ վերահսկողության հաստատմանը։
Այնպիսի տպավորություն է, որ մեր ընտրական կամպանիայի առաջատարները պայքարում են ոչ այնքան մեր հասարակության քվեների, որքան Մոսկվայի բարեհաճության համար։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version