Քարոզչության 4-րդ օր․ Տեր-Պետրոսյանն ասաց այն, ինչը Փաշինյանը չի հասկացել

Կան գործիչներ, ովքեր ազդեցիկություն ունեն՝ անկախ քաղաքական կոնյուկտուրայից, այդ պահին ունեցած վարկանիշից և կարողանում են քաղաքական օրակարգ ձևավորել։
Այդպիսի գործիչների շարքին է դասվում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրա ղեկավարած ՀԱԿ-ը ընտրական այս գործընթացի ֆավորիտների շարքում չէ, բայց Տեր-Պետրոսյանի այսօրվա ասուլիսը հաստատապես ընտրարշավի ընթացիկ ամենակարևոր իրադարձությունն է։
Ասուլիսի մանրամասները լուսաբանելը դուրս է մեր խորագրի առաքելությունից, սակայն ուզում ենք անդրադառնալ Տեր-Պետրոսյանի մի դիտարկման, որը մեր կարծիքով՝ խիստ սկզբունքային է։
«Մի բան ֆիքսենք՝ մենք ոչ միայն պարտվել ենք այս պատերազմում, այլ ավելի վատ բան է տեղի ունեցել. եթե Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս դրվեց կարգավորման գործընթացից, ապա այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել որպես հակամարտող կողմ, Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում, մենք այլևս խաղացող չենք»,- այսօրվա ասուլիսում ասել է նա:
Սա ճշմարտություն է, որը պատերազմից հետո համառորեն չի հասկանում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն՝ իր թիմակիցների հետ միասին, համառորեն ձև է տալիս, թե չի հասկանում, թե ինչի մեջ են իրեն մեղադրում հասարակությունը կամ ընդդիմախոսները։
Այսօր Տեր-Պետրոսյանն ասաց այն, ինչը Փաշինյանը չի հասկացել՝ Հայաստանն ամբողջովին կորցրել է իր սուբեկտությունը, ընդ որում՝ դա տեղի է ունեցել թե արտաքին հարաբերություններում, թե երկրի ներսում։
ԱԳՆ-ում ստեղծված քաոտիկ ու անկառավարելի վիճակը, երբ հրաժարական են ներկայացրել նախարարն ու նրա բոլոր տեղակալները, ասվածի լավագույն ապացույցն են։ Փաշինյանի «թեթև ձեռքով» մենք այլևս չունենք արտաքին քաղաքականություն ու այս պարագայում նույնիսկ օրինաչափ է այն իրավիճակը, որ ստեղծված է արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Պետությունը կորցրել է իր արժեքը, բովանդակությունը նաև իր քաղաքացիների աչքերում․ հասարակությունն ապրում է իր դարդ ու ցավով՝ մենակ մնալով առօրեական հոգսերի մեջ, իսկ պետական համակարգը ջախջախված է՝ դառնալով մեկ մարդու կցորդ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր