Site icon politcom

Քարոզչության 5-րդ օր․ Փաշինյանի «պողպատն» ու Գելափի թիվը

Շատ բնական է, որ քարոզարշավի տարբեր օրերի քաղաքական ուժերի ասելիքը կրկնվում է, ի վերջո՝ հնարավոր չէ յուրաքանչյուր օր նոր ասելիքով ներկայանալ հասարակությանը։
Սակայն մինչև քաղաքական խոսքի բովանդակությանն անդրադառնալը, նկատենք, որ այսօր «GALLUP International Association» հայաստանյան ներկայացուցչության ներկայացրած սոցիոլոգիական նոր տվյալները, մեղմ ասած, միանշանակ չեն ընդունվել հանրության և քաղաքական ուժերի կողմից։
Ըստ արդյունքների՝ «Հայաստան» դաշինքի համար կքվեարկեն 24,1 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ 23,8 տոկոս։ Նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոս, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկոսով։
«Պատիվ ունեմ» դաշինքը երրորդ տեղում է, նրան կողմ կքվեարկի 7,4 տոկոս ԲՀԿ-ն, ըստ այս հարցման, ունի 3,7 տոկոս, ԼՀԿ՝ 3,1 տոկոս։
Իշխանության կուսակցության վարկանիշն անկում է ապրում ու դա տեսանելի է անգամ անզեն աչքով, սակայն մի փոքր վիճահարույց է, որ Ռոբերտ Քոչարյանի թիմին հաջողվել է շրջանցել ՔՊ կուսակցությանը։ Նույն տրամաբանությամբ՝ քիչ հավանական է, որ բավականին միօրինակ ու բացառապես Սերժ Սարգսյանի խարիզմայի հաշվին քարոզարշավ իրականացնող «Պատիվ ունեմ» դաշինքը կարողացել է շրջանցել մարզերում բազմամարդ հանդիպումներ անցկացնող ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին։
Ի դեպ, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն արդեն կասկածի տակ են դրել այս հարցման օբյեկտիվությունը։

Փաշինյանի նոր «հեղափոխությունը»

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը նույնպես անկեղծ չէ, որովհետև իր գրառման մեջ նշել է, թե իբրև ՔՊ-ն 3,5 անգամ ավելի վարկանիշ ունի, քան Քոչարյանի «Հայաստան» դաշինքը։
Սա նույնպես պարզ մանիպուլյացիա է ու հարմարեցված է Փաշինյանի՝ 60 տոկոս ստանալու ցանկություն- հրահանգին։ Եթե GALLUP-ի հարցումներում ինչ-որ բան օբյեկտիվ է, ապա դա այն է, որ հունիսի 20-ի ընտրություններում քաղաքական ուժերից որևէ մեկը չի կարող ստանալ 50 տոկոսից ավելի քվե։
Այս համատեքստում խիստ տարակուսելի է, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է «պողպատյա հեղափոխության» մասին՝ դրա հիմքում դնելով 60 տոկոսի լեգենդը։
Դա չի ստացվելու, մանավանդ, որ Փաշինյանը նոր հեղափոխությամբ փորձում է հակադրվել, իր իսկ ձևակերպմամբ, էլիտաներին։ Օրինակ, այսօր նա Դիլիջանում թիրախավորեց լրագրողներին ու հոգևորականությանը՝ արժանանալով Եկեղեցու բավականին կոշտ հակազդեցությանը։

Քոչարյանը սահմանազատվում է Սարգսյանից

Այսօր Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ուշագրավ հայտարարություն է արել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը բացահայտորեն ասել է, թե իրեն պատասխանատու չի համարում 2008-18թթ-ի համար, այսպիսով` սահմանազատվելով Սերժ Սարգսյանից։ Ինչպես և կանխատեսելի էր՝ պայքարն ընթանում է ոչ միան նախկինների ու Փաշինյանի, այլ նաև հին համակարգի տարբեր սեգմենտների միջև։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version