Site icon politcom

Քարոզչության 6-րդ օր․ օխլոսի դիկտատուրա

Ի՞նչ է անում պատերազմում պարտված երկրի ղեկավարը։

Այո, որպես կանոն, հրաժարական է տալիս կամ դա նրան պարտադրում են ու բազմաթիվ են նման դեպքերը, սակայն երկար-բարակ չփնտրելու փոխարեն, առաջարկում ենք բավարարվել Զվիադի Գամսախուրդիայի ու Աբուլֆազ Էլչիբեյի «տպավորիչ» ֆիասկոների պատմություններով։

Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո չգնաց ու նրան չկարողացան տուն ուղարկել։

Պատճառները շատ են, բայց եթե կարճ ձևակերպենք, ապա գոնե այդ փուլում հասարակությունը ոչ պակաս ատելությամբ էր լցված նաև այն ուժերի հանդեպ, որոնք փորձում էին հեղափոխություն անել։

Ընդ որում, երբ նշանակվեցին արտահերթ ընտրություններ, նվազագույնը հասկանալի էր, որ դրանք ճգնաժամի խոստովանություն են, այլ խոսքով՝ հնարավորություն, որպեսզի երկրում ստեղծվի հանրային համաձայնության որոշակի միջավայր։ Պարզ ասած՝ ընտրությունը մի առիթ էր, որպեսզի Փաշինյանի իշխանությունն անցնցում հեռանա կամ գոնե հրաժարվի մոնոլիտ իշխանության գաղափարից։

Բայց հայկական իրականությունն «օրիգինալ» է ու դուրս է անգամ քաղաքագիտական բանաձևումներից։

Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հեռանալ, անգամ իսկ չի մտածում ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին։ Այսօր Սևանում, Վարդենիսում, Վարդենիկում նա առաջ էր քաշում «պողպատյա հեղափոխության», «դասակարգային պայքարի» մասին վտանգավոր թեզեր, իր կողմնակիցներին հաղթական հանրահավաքի էր հրավիրում Երևանում՝ հունիսի 21-ին։

Երկար-բարակ ծավալվելու անհրաժեշտություն չկա․ Փաշինյանը պատրաստվում է երկրի ներսում փորել նոր խրամատներ՝ իր իշխանությունը վերարտադրելու, երկարաձգելու նպատակով՝ խորապես գիտակցելով, որ մեխանիկական վերարտադրությունը միայն խորացնելու է քաղաքական ճգնաժամը, որի հաղթահարումն այլևս հնարավոր չի լինելու էլեկտորալ ռեսուրսներով։

Փաշինյանը կատարել է իր ընտրությունը, որն ավարտվելու է օխլոսի դիկտատուրայի հաստատմամբ։ Դրանից անդին ճգնաժամի հաղթահարման խաղաղ միջոցները դառնում են մշուշոտ։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version